Նոտարական գրասենյակներում հերթերը գրեթե վերացել են. պատասխան ՄԻՊ-ին

Մարդու իրավունքների պաշտպանի ամենամյա զեկույցում տեղ գտած նոտարական գործունեությանը վերաբերող ՄԻ պաշտպանի մտահոգություններին այսօր հայտարարությամբ պատասխանել է Նոտարական պալատը՝ նշելով, որ 2012 թվականի ընթացքում իրականացվել են նոտարական ծառայությունների որակի բաձրացմանը, նոտարների կողմից էթիկայի կանոնների պահպանմանը, նոտարների որակավորման բարձրացմանը, կոռուպցիոն ռիսկերի բացառմանն ուղղված մի շարք գործառույթներ:

«Նոտարական պալատի կողմից հանրային իրազեկմանը և հասարակության իրավագիտակցության բարձրացմանը ուղղված բազմաթիվ միջոցներ են ձեռնարկվել: Մի շարք գործընթացների արդյունքում (նոտարների թվի ավելացում, ժառանգության գործերի ապակենտրոնացում և այլն) նոտարական գրասենյակներում հերթերը գրեթե վերացել են: Նոտարական պալատի պաշտոնական կայքի գործարկումից հետո կայքում զետեղվել է Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր նոտարական գրասենյակների հասցեները, տպագրվել և բոլոր գրասենյակներում տեղադրվել են տեղեկատվական բնույթի բուկլետներ հանրապետությունում գործող բոլոր նոտարական գրասենյակների հասցեներով և հեռախոսահամարներով, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին հերթերի առկայության դեպքում այցելել այլ նոտարական գրասենյակ:

2011 մայիսի 26-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված թիվ 733Ն որոշմամբ նոտարի կողմից մատուցվող ծառայությունների սակագների միջև առկա մեծ միջակայքերը նվազեցվեցին հնարավորինս բացառելով կոռուպցիոն ռիսկերը՝ ապահովելով առողջ մրցակցություն նոտարների միջև: Հիմնվելով վերը նշված որոշման վրա յուրաքանչյուր նոտարի կողմից սահմանված սակագները փակցված են բոլոր գրասենյակների տեսանելի վայրում: Չնշել դրական ակնհայտ փոփոխությունները և կարծիք հրապարակել մեկ-երկու մասնավոր բողոքի հիման վրա առնվազն տարակուսանք է առաջացնում: ՀՀ Նոտարական պալատը պատրաստ է ընդունել ցանկացած առողջ քննադատություն, որը միտված կլինի նոտարական համակարգի բարելավմանը»,- նշված է հայտարարության մեջ: