Շնորհավոր Մարտի 8. ինչպես է այն սկսվել

Մարտի 8-ը՝ որպես կանանց միջազգային օր, նշվում է 1911-ից: ՄԱԿ-ի կողմից այդ օրը հայտարարված է որպես Կանանց իրավունքների պայքարի և միջազգային խաղաղության օր:

Տոնի ակունքները հասնում են 1857թ. մարտ, երբ Նյու Յորքում աշխատավոր կանայք դուրս էին եկել ցույցի՝ պահանջելով տղամարդկանց հավասար աշխատանքային իրավունքներ, աշխատանքային օրվա կրճատում և աշխատանքային պայմանների բարելավում: 1908թ. մարտի 8-ին Նյու Յորքում Կանանց սոցիալ-դեմոկրատական կազմակերպության կոչով կրկին ցույց տեղի ունեցավ, որին 15 հազար կին մասնակցեց ոչ միայն աշխատանքային իրավունքի, այլև ընտրական իրավունքի պահանջով: 1909թ. ԱՄՆ-ի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակի օրը հայտարարեց կանանց ազգային տոն:

1910թ. օգոստոսի 27-ին Կոպենհագենում կայացած Կանանց երկրորդ միջազգային սոցիալիստական կոնֆերանսին Կլարա Ցետկինն առաջարկեց մարտի 8-ը հայտարարել կանանց միջազգային օր:

ՍիվիլՆեթը շնորհավորում է գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին Մարտի 8-ի կապակցությամբ, ցանկանում, որ գարնանային այս առաջին տոնը նրանց երջանկություն, առողջություն, ջերմություն, բարություն և շատ ժպիտներ պարգևի…