Հայ զինվորին բերել, շարել, ստորացրել են, որ խփեն այդ 95 տոկոսը. Րաֆֆի Հովհաննիսյան

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում մեկնարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային հանդիպումը: Բարևելով հրապարակ եկած քաղաքացիներին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց, որ էլեկտրական լույսերից կախված է ՀՀԿ-ի դրոշը: «Ձեզ վճարո՞ւմ են այս քարոզչության համար»,- հարցրեց նա՝ նշելով, որ մյուս անգամ գալիս պիտի այստեղ կախված լինեն Հայաստանի պետական դրոշները:

«Ես վերջնագրերով չեմ խոսում, բայց հիմա առաջարկում եմ, որ ձեր մարզպետը, որ ժամանակին պատգամավոր էր, հրաժարական տա, քանի որ չի պահպանել ձեր ձայնի իրավունքը»,- ասաց նա:

Կրկնելով, որ այլևս Հայաստանը կորուստներ չպիտի ունենա՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց. «Ես հեռադիտակով դիտեցի Արծվաշենը, որ մենք կորցրեցինք: Ասում եմ ձեզ. այլևս ոչինչ չենք կորցնելու»:

Նա այստեղ ևս խոսեց ընտրախախտումների մասին: «Ճամբարակը խփեց 95 տոկոս: Ասե՞մ թե ովքեր են այդ 95 տոկոսը: Հայ զինվորն է, որին բերել են, շարել են, ստորացրել են, որ խփեն այդ 95 տոկոսը: Ես չեմ ճանաչում այդ հրամանատարին, բայց եթե որևէ մեկդ գիտի, թե նա այստեղ է, ասեք, և ես կմոտենամ, իր երեսին… կասեմ, որ պիտի ներողություն խնդրի»,- ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ պատրաստվում է հիմա եկեղեցի գնալ, մոմ վառել՝ աղոթելով Սերժ Սարգսյանի և մյուս պաշտոնյաների համար, որպեսզի «ճիշտ որոշում կայացնեն»:

Նշենք, որ Վարդենիսում ընտրություններին մասնակցել է ընտրողների 73%, Սերժ Սարգսյանը պաշտոնական տվյալներով տարել է ջախջախիչ հաղթանակ: Տեղամասերից մեկում նրա քվեների թիվը գերազանցել է Րաֆֆի Հովհաննիսյանի քվեներին 138 անգամ: