Բնակարանները թանկանում են միայն դրամով

Երևանում բնակելի անշարժ գույքի պահանջարկը հունվարին տարեկան կտրվածքով կրճատվել է 1/3-ով։ Չնայած պահանջարկի կրճատմանը՝ գները, արտարժույթով արտահայտված, ցուցաբերել են կայուն վարքագիծ։

Այս տարվա հունվարին Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների թիվն անցած տարվա հունվարի համեմատ նվազել է 29,9%-ով, դեկտեմբերի համեմատ՝ 37,7%-ով։ Ընդ որում՝ 1 քմ-ի միջին գինը տարեկան կտրվածքով աճել է 6%-ով, ամսական կտրվածքով՝ 0,4%-ով։

Գործարքների կտրուկ կրճատման պայմաններում գների աճը ուշագրավ է։ Ի տարբերություն այլ շուկաների՝ անշարժ գույքի շուկայում գնագոյացման ժամանակ առաջարկի գործոնն ավելի ազդեցիկ է, քան պահանջարկինը։ Հաշվի առնելով անգամ այս հանգամանքը՝ պահանջարկի ավելի քան 1/3-ով կրճատման պայմաններում գները չէին կարող աճել 6%-ով։

Անշարժ գույքի երկրորդային շուկան մեկ այլ առանձնահատկություն էլ ունի. այստեղ, ինչպես և ավտոմեքենաների շուկայում, գնանշումը կատարվում է արտարժույթով և հետո միայն վերահաշվարկվում ազգային արժույթի։ Արտարժույթով հաշվելիս Երևանում բնակարանների գների աճը բավական համեստ է։

Ամերիկյան դոլարով արտահայտված՝ Երևանում 1 քմ միջին գինը հունվարին տարեկան կտրվածքով աճել է 1%-ով, ամսական կտրվածքով՝ գրեթե չի փոխվել։ Ընդ որում՝ հունվարին 1 քմ շուկայական միջին գինը Երևանում կազմել է $655՝ 2012թ. հունվարի $648-ի և դեկտեմբերի $654-ի համեմատ։

Բնակարանների պահանջարկի նվազում է արձանագրվել նաև մարզերում։ Հունվարին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների վաճառքի գործարքների թիվը 2012թ. հունվարի համեմատ կրճատվել է 23,7%-ով, դեկտեմբերի համեմատ՝ 7,1%-ով։ Մարզերում դրամային արտահայտությամբ բնակարանների գներն ամսական կտրվածքով աճել են 0,5%-ով։

Թե՛ մարզերում, թե՛ Երևանում պահանջարկը մեծ չի եղել նաև անհատական տների նկատմամբ։ Հունվարին հանրապետությունում իրականացվել է անհատական բնակելի տների վաճառքի 313 գործարք, որից 85-ը՝ Երևանում։ Տարեկան կտրվածքով անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքները Հայաստանում նվազել են 43,1%-ով, Երևանում՝ 46,9%-ով, մարզերում՝ 41,5%-ով։ Ամսական կտրվածքով անհատական տների գործարքների քանակը կրճատվել է 25,5%-ով, ընդ որում՝ Երևանում՝ 16,7%-ով, մարզերում՝ 28,3%։

Չնայած մայրաքաղաքում անհատական բնակելի տների գործարքների կրճատմանը՝ հունվարին գները տարեկան կտրվածքով աճել են 4,3%-ով, ամսական կտրվածքով՝ 0,2%-ով։ Դոլարային արտահայտությամբ 2012թ. հունվարի համեմատ գները նվազել են 0,6%-ով, դեկտեմբերի համեմատ՝ մնացել անփոփոխ։