Բաքվում 60 ցուցարար է ձերբակալվել

Մարտի 10-ին Բաքվում ընդդիմության չարտոնված ցույցի ընթացքում 60 ցուցարար է ձերբակալվել: Ցուցարարներն իրենց բողոքն են հայտնել բանակում խաղաղ պայմաններում զինվորների մահվան դեմ:

Ձերբակալվածների թվում են ընդդիմադիր Nida երիտասարդական շարժման անդամաներ, ինչպես նաև Ադրբեջանի ազգային ճակատ կուսակացության երիտասարդական թևի անդամ Աբուլֆազ Գուրբանլին, Մուսավաթ և այլ կուսակցությունների ներկայացուցիչներ:

Ակցիային մասնակցել է 500 մարդ: Նրանք հիմնականում հավաքվել են «Շատրվանների հրապարակում»: Ցուցարարները ավելի փոքր խմբերով հավաքվել են նաև քաղաքի այլ մասերում:

Սկզբնապես ոստիակնությունը բարձրախոսների միջոցով փորձել է ցրել ակցիայի մասնակիցներին, այնուհետ կիրառել է ջրաշիթ և ռետինե փամփուշտներ:

Ցույցի կազմակերպման համար անմիջական առիթ է դարձել շարքային երկու զինվորների մահը, որոնցից մեկը մահացել է հունվարի 7-ին, մյուսը՝ փետրվարի 28-ին: Պաշտպանության նախարարությունը մահվան պատճառ էր նշել սրտի նոպան, մինչդեռ, ըստ զինվորների հարազատների, նրանց սպանել են:

Իշխանությունները ցույցը ցրելու իրենց որոշումը հիմնավորում են պնդմամբ, թե ցուցարարները մտադիր են եղել կիրառել դյուրավառ նյութեր: Ոստիկանությունը ցուցարարաներից առգրավել է նաև թմրանյութեր: