ՊԵԿ-ի պաշտոնյաները զբաղվում են նաև ձեռնարկատիրական գործունեությամբ. օմբուդսմեն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է 2012թ. տարեկան զեկույցի` Պետական եկամուտների կոմիտեի ոլորտում մարդու իրավունքների վիճակի մասին հատվածը։

Պետական եկամուտների կոմիտեի  գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ  թերացումները.

  • Մտահոգիչ են բազմաթիվ դեպքերը, երբ հարկային կամ մաքսային մարմինների պաշտոնատար անձինք միաժամանակ զբաղվում են նաև ձեռնարկատիրական գործունեությամբ: Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ առանձին դեպքերում ՊԵԿ պաշտոնատար անձը (կամ նրա հետ սերտորեն փոխկապակցված անձը) օգտագործել է պաշտոնական դիրքը, և իր հետ առնչվող ընկերությունը մրցակցային առավելություններ է ստացել միևնույն շուկայում գործող այլ տնտեսվարողի նկատմամբ:
     
  • Հստակ և արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկվել ստվերային տնտեսությունը հատկապես խոշոր բիզնեսում էականորեն նվազեցնելու ուղղությամբ:
     
  • 2012 թվականին գրանցվել են բազմաթիվ դեպքեր, երբ հարկային մարմնի աշխատակիցները, ստուգումներ իրականացնելիս, առանց բավարար հիմնավորումների և/կամ պատճառաբանության վերցրել են հարկատուների աշխատավայրում գտնվող իրերը:
     
  • Չի իրականացվել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող այլ միջոցների սպառումը, որի հետևանքով կայացվել է չափազանց մեծ քանակի (շուրջ 5700) հարկային արգելանք կիրառելու վերաբերյալ որոշում:
     
  • Հարկային ոլորտը կարգավորող իրավական ակտերում փոփոխություններ կատարելու դեպքում եղել են ողջամիտ ժամկետների նախատեսման մի շարք խախտումներ:
     
  • ՊԵԿ-ի կողմից հարկային և մաքսային ոլորտին  վերաբերող օրենքների նախագծերի վերաբերյալ չեն կազմակերպվել ձեռնարկատերերի կամ այլ շահագրգիռ անձանց հետ պատշաճ հանրային քննարկումներ:
     
  • Արձանագրվել են հարկային և մաքսային ծառայողների կողմից տնտեսվարողների հետ շփման ընթացքում էթիկայի և վարքագծի կանոնների խախտման մի շարք դեպքեր:

Արձանագրված դրական զարգացումները

  • Հարկային օրենսդրության փոփոխությունների արդյունքում պարզեցվել են ավելացված արժեքի հարկի գծով հար­կա­յին հարաբերությունները, որոշ ապրանքների ակցիզային հարկի հաշվարկումը և վճարումը, ներդրվել է պրոգրեսիվ եկամտային հարկային համակարգ, ինչպես նաև բարելավվել է սուբյեկտների համար հարկման համակարգը:
     
  • Ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ` հարկ վճարողների ներկայացրած հաշվարկների ու հաշվետվությունների վերլուծություններն ու ուսումնասիրությունները ժամանակին ու պատշաճ կատարելու և աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով:
     
  • 2012 թվականին վերափոխվել են հարկային և մաքսային ծառայությունների վեբկայքերը, որոնց մշակման համար կիրառվել են նոր մոտեցումներ և տեխնոլոգիաներ: