Պուտինի նվերը Հայաստանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խստացնում է աշխատանքային միգրանտների մուտքը Ռուսաստան: Համաձայն ՌԴ նախագահի ստորագրած հրամանագրի՝ աշխատանքային միգրանտները պարտավոր են քննություն հանձնել ռուսաց լեզվից, Ռուսաստանի պատմությունից և օրենսդրությունից: 2015թ. ուժի մեջ մտնող այս խստացումը չի վերաբերի Մաքսային միության մեջ մտած երկրների քաղաքացիներին: Մաքսային միության մեջ այժմ, բացի ՌԴ-ից, մտնում են Ղազախստանը և Բելառուսը:

Հայաստանի տնտեսության համար ՀՀ քաղաքացիների արտագնա աշխատանքն առանցքային նշանակություն ունի երկրի համար: Ավելին՝ տնտեսությունը մեծապես կախված է դրանից, և իզուր չէ, որ իշխանությունները բավական անտարբեր են արտագաղթի նկատմամբ, իսկ հրապարակային որոշ ելույթներում նույնիսկ կողմ են արտահայտվում դրան: ՌԴ-ից տրանսֆերտային կախման մեջ են նաև Ղրղըզստանի և Տաջիկստանի տնտեսությունները: Ռուսաստանն էլ որոշել է օգտագործել այդ կախվածությունն այս երկրներին նոր պարտավորություններով իրեն կապելու համար: Այսպիսով՝ Հայաստանի առջև լուրջ մարտահրավեր է ծառանում. զրկվել տրանսֆերտներից այնքան էլ հեշտ չէ առաջանալիք գործազրկության պատճառով, իսկ Մաքսային միություն մտնելն է կվատացնի հարաբերությունները ԵՄ-ի հետ:

Հայաստանի ներկա իշխանությունն անզոր է նոր աշխատատեղեր ստեղծել՝ անարդյունավետ կառավարման, մենաշնորհների և այլ պատճառներով ու կրճատվող ներդրումների և դրամաշնորհների ֆոնին:

Ժամանակին հայաստանյան պաշտոնյաները գլուխ էին տանում արտագնա աշխատանքն արդարացնող իրենց պատճառաբանություններով. իմա աշխատուժը ևս ապրանք է, որը մենք արտահանում ենք միջազգային շուկա: Ընդհանրապես, արժանապատիվ երկրներն աշխատուժ չեն արտահանում, միշտ էլ երրորդական երկրներն են, որոնց մարդկային ներուժն օգտագործվում է այլ երկրների կողմից, սակայն հարցը միայն սա չէ: Ժամանակին ակադեմիկոս Աբել Աղանբեկյանն առաջարկում էր կազմակերպված ձևով անել աշխատուժի վաճառքը: Այսինքն՝ ՀՀ կառավարության մասնակցությամբ ստեղծել խոշոր շինարարական կազմակերպություններ, որը/որոնք կունենային շինանյութերի արտադրություն, կմասնակցեին խոշոր շինարարական տենդերների Ռուսաստանում և իրենց հայ աշխատակիցներով կմասնակցեին տարբեր աշխատանքների: Այդպիսով թե՛ կազմակերպված բնույթ կստանար արտագնա աշխատանքը, թե՛ հայ աշխատավորների շահերը պաշտպանված կլինեին: Սակայն Հայաստանի կառավարությունը խորհուրդների կարիք չի զգում:

Պուտինյան միգրացիոն խստացումները կարող են բերել նրան, ինչից ամենաշատ վախենում էր վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բողոքավոր և գործազուրկ զանգվածը կմնա Հայաստանում և հեղափոխություն կանի: Սա կլինի Պուտինի լավագույն նվերը «բարեկամ հայ ժողովրդին»:

Իսկ Հայաստանին հենց սա էլ պետք է՝ հեղափոխություն, որը Սարգսյանների նման պետական գործիչներին կթողնի լուսանցքում, ինչը նպաստավոր պայմաններ կստեղծի Հայաստանում գործարարության զարգացման, հետևաբար՝ աշխատատեղերի ստեղծման համար, որը հայ մարդուն գաղթական չի սարքի՝ իր մի կտոր հացը վաստակելու համար:

Իհարկե, Հայաստանի իշխանությունները, Մաքսային միություն մտնելուց բացի, այլ տարբերակներ էլ ունեն. օրինակ՝ հայ աշխատավորներին ուղղորդել դեպի Թուրքիայի կամ, ասենք, Արաբական Միացյալ Էմիրությունների աշխատանքային շուկա: Եթե միայն հասցնեն վերապրոֆիլավորվել…

Մեկնաբանել