Ջուր-ածխային ճահճացում

«Երևանի ջէկում» Ղարաբաղի քարածխով էլեկտրաէներգիայի արտադրության նախագծի մեկնարկային ժամկետից անցել է մոտ մեկ տարի։ Մասնագետների գնահատմամբ՝ Հայաստանի համար նոր՝ ջուր-ածխային վառելիքի տեխնոլոգիայի գործարկումը լավագույն դեպքում հնարավոր կլինի կազմակերպել այս տարվա աշնանը։

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը դեռ 2011թ. դեկտեմբերին խոստանում էր, որ 2012թ. առաջին եռամսյակի վերջին «Երևանի ջէկի» երկու հին էներգաբլոկներում (յուրաքանչյուրը՝ 50 Մվ հզորությամբ) կսկսվի էլեկտրաէներգիայի արտադրություն՝ ղարաբաղյան քարածխով։ Նախարարի կողմից հնչեցված ժամկետից անցել է մոտ մեկ տարի, սակայն ջէկը դեռևս պատրաստ չէ անցում կատարել նոր տեխնոլոգիայի։

«Երևանի ջէկի» երկու բլոկների վերազինման աշխատանքների ձգձգման պատճառներից մեկն այն է, որ հիմնականում ներգրավված են տեղական մասնագետներ. նրանք քաջատեղյակ չեն ջուր-ածխային վառելիքով էլեկտրաէներգիայի արտադրության կազմակերպման տեխնոլոգիային։ Տեխնոլոգիան, որը զգալի ներդրումներ է ենթադրում, լայնորեն կիրառվում է Չինաստանում։ Չինացի մասնագետները միայն վերջերս են հրավիրվել Երևան։

Էլեկտրաէներգիայի արտադրության այս տեխնոլոգիան ենթադրում է քարածխի մանրացում՝ մինչև փոշու մակարդակի։ Ապա այն խառնվում է ջրի հետ ու ճնշման տակ մղվում այրման կաթսա։ Ի տարբերություն չոր քարածխի կամ մազութի՝ ջուր-ածխային վառելիքն էկոլոգիապես շատ ավելի մաքուր է։

Տեխնոլոգիայի ներդրումը է՛լ ավելի ակտուալ է դառնում, հատկապես երբ ներքին սպառողների համար տեղի է ունենալու ռուսական գազի սակագնի բարձրացում։ Ջուր-ածխային վառելիքի տեխնոլոգիան, ինչպես նաև «Երևանի ջէկում» իրանական գազով էլեկտրաէներգիայի արտադրությունը կարող են մեղմել գազի թանկացման հետևանքով էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը։

Մոտավոր հաշվարկներով՝ 1 տոննա քարածխի այրումից հնարավոր է ստանալ 2 հազ. ԿՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը նշանակում է, որ 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի գինը չի գերազանցի Դ20-ը։ Համեմատության համար՝ ներկայում «Հրազդանի էներգետիկ կազմակերպության (ՀրազՋԷԿ)» կողմից գազի այրումով արտադրվող 1 ԿՎտ/ժ էլեկտրաէներգիայի սակագինը կազմում է Դ49,5։ Այն ամենաթանկն է Հայաստանի էներգահամակարգում։

Հաշվարկները ցույց են տալիս, որ «Երևանի ջէկում» էլեկտրաէներգիայի արտադրության համար օրական պահանջվելու է մոտ 2 հազ. տոննա ածուխ, ինչը նշանակում է, որ օրական Վարդենիսից Երևան երկաթուղիով պետք է տեղափոխվի 35 վագոն (ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մաղավուզի հանքավայրից մինչև Վարդենիս քարածուխը տեղափոխվում է բեռնատարներով)։ Մաղավուզի քարածխի հանքավայրը շահագործող «Էներգիա պլյուս» ընկերությունն արդեն հետախուզել է 30 հա տարածք, հաստատվել է մոտ 4 մլն տոննա պաշար։ Հանքավայրի ողջ տարածքը կազմում է 14 քկմ։ Հաստատված պաշարները կբավարարեն «Երևանի ջէկի» երկու էներգաբլոկների 5,5 տարի անընդմեջ շահագործմանը։

Մեկնաբանել