Սամաթիայի գործով կասկածյալը ոչինչ չի հիշում

Ստամբուլի Սամաթիա թաղամասի տարեց հայ կանանց դեմ բռնարարքների մեջ կասկածվող Մուրադ Նազարյանի փաստաբան Էրեն Քեսքինը, որը նախօրեին բանտում հանդիպել է իր պաշտպանյալի հետ, ասել է, թե նա ոչինչ չի հիշում:

Փաստաբանի խոսքով` Մուրադ Նազարյանը շատ ծանր հոգեվիճակում էր և ամբողջ ընթացքում լաց էր լինում: Փաստաբանի հարցին, թե արդյոք նա է հանցագործը, Նազարյանը պատասխանել է. «Ես ոչ ոքի չեմ կարող ապտակել, ծեծել, սակայն եթե ոստիկանությունն ասում է, որ ես եմ արել, միգուցե այդպես է: Ես ոչինչ չեմ հիշում»:

Քեսքինն ասել է, որ ինքը հավատում է, որ իր պաշտպանյալը իսկապես ոչինչ չի հիշում: Հնարավոր է, որ նա չէ հանցագործը, սակայն, եթե այդպես է, ապա չէր կարող միայնակ գործել, նշում է նա:

Սամաթիայի բռնարարքների մեջ կասկածվող Նազարյանի թեման բուռն քննարկման առարկա է դարձել նաև թուրքական մամուլում: Թուրքիայում հակահայկական նյութերի հրապարակմամբ հայտնի Yeni akit թերթի թիրախում է հայտնվել «Ակօսի»` Սամաթիայի դեպքերի վերաբերյալ հոդվածը: «Ակօսի բարոյազուրկ պրոպագանդան» վերտառությամբ հոդվածում Yeni akit-ը մեղադրում է «Ակօսին», որ մինչև հանցագործի բացահայտվելը թերթը պնդում էր, թե բռնարարքների հեղինակը մուսուլման է, իսկ այժմ գրում է, թե նա հայ է, սակայն մուսուլմանություն է ընդունել: «Ակօսն» էլ, հոդվածը զրպարտանք համարելով, տեղեկացնում է, որ Նազարյանի մուսուլման լինելու մասին առաջինը գրել է թուրքական Cihan գործակալությունը, հետագայում տեղեկությունը հաստատել են նաև Նազարյանին ճանաչողները:

Ստամբուլի` մարդու իրավունքների պաշտպանության մասնաճյուղն էլ երկրի արդարադատության համակարգից պահանջել է խորությամբ ուսումնասիրել Սամաթիայում հայ կանանց դեմ բռնարարքների գործը:

Մեկնաբանել