Բրիտանացի նախկին նախարարն իր կնոջ հետ կազատազրկվի

Բրիտանիայի էներգետիկայի և կլիմայական փոփոխությունների նախկին նախարար Քրիս Հյունն ու նրա նախկին կինը՝ Վիկի Փրայսը, դատապարտվել են 8 ամիս ազատազրկման արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեղադրանքով:

58-ամյա Հյունը խոստովանել է, որ 2003թ. Փրայսին խնդրել է, որ նա իր վրա վերցնի ամուսնու արագության գերազանցման տուգանային միավորները՝ վարորդական իրավունքից չզրկվելու համար: Անցյալ շաբաթ Վիկի Փրայսը մեղավոր է ճանաչվել նախկին ամուսնու տուգանային միավորներն իր վրա վերցնելու համար: 60-ամյա Փրայսն այս պատմությունը պատմել է բրիտանական թերթերից մեկի հետ զրուցում:

Դատավորն ասել է, որ Հյունն «ընկել է մեծ բարձունքից», սակայն տեղի ունեցածում պետք է մեղադրի իրեն և իր կնոջը: Մեղքն ընդունելուց հետո Հյունը վայր է դրել իր պատգամավորական լիազորությունները:

Այս առիթով Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն ասել է. «Սա հիշեցում է, որ յուրաքանչյուր ոք՝ որքան էլ բարձրանա և հզորանա, չի կարող անհասանելի դառնալ արդարադատության համար»:

Բրիտանական ալիքներից մեկի հետ զրույցում նախկին նախարարն ասել է, որ 2003թ. իր գործողություններն ունեցել են «մեծ, ավերիչ հետևանքներ» իր ընտանիքի, կարիերայի և կյանքի համար:

Մեկնաբանել