Սերբիայում գտնվել է Ռեմբրանդտի գողացված կտավը

Սերբիայում գտնվել է հոլանդացի մեծանուն նկարիչ Ռեմբրանդտի «Հոր դիմանկարը» կտավը, որը 2006թ. գողացվել էր սերբական Նովի Սադ քաղաքի թանգարանից:

Կտավը հայտնաբերվել է Բելգրադից 70 կմ հեռավորության վրա գտնվող Սրեմսկ Միտրովիցայում: Փորձագետներն արդեն հաստատել են գտածոյի ինքնությունը: Ոստիկանությունը ձերբակալել է գողության մեջ կասկածվող չորս մարդու:

Յոթ տարի առաջ Նովի Սադի թանգարան մտած չարագործները գողացել էին նաև Ռուբենսի «Սենեկան», Պիեր Ֆրանչեսկո Մոլի «Ձկնորսով գիշերային բնապատկերը» և 16-րդ դարի եվրոպացի անհայտ նկարչի «Քրիստոսի գլուխը» կտավը:

Ռեմբրանդտը «Հոր դիմանկարը» վրձնել է 1630թ.: Փորձագետները հոլանդական Ոսկե դարի խոշորագույն ներկայացուցչի այս աշխատանքը գնահատում են առնվազն 2,5 մլն ֆունտ ստեռլինգ (3,7 մլն դոլար):

1990-ականներին «Հոր դիմանկարը» կրկին դարձել էր գողերի թիրախ: Այն ժամանակ կտավը գտնվել էր Իսպանիայում:

Մեկնաբանել