Չեմ կարծում, որ այսօր մեր բեմերում թատրոն է ստեղծվում

Դերասանուհի, սկսնակ ռեժիսոր, գրող Նանոր Պետրոսյանը վերջերս է հանդիսատեսի դատին հանձնել իր առաջին ներկայացումը՝ «Բռնաբարությունը»: Արդեն երկու տարի է, ինչ «Նարեկացի» արվեստի կենտրոնում Նանորը գրական ընթերցումներ է վարում: Մինչ այդ նա խաղացել է Մհեր Մկրտչյանի անվան արտիստական և «Ագորա» թատրոններում։

— Նանոր, Ձեր խոսքից, մտածելակերպից երևում է, որ այլ մշակույթ է դեր խաղացել Ձեր կայացման մեջ։ Որտե՞ղ եք ծնվել։

— Թեհրանում. վեց տարեկան էի, երբ ընտանիքս տեղափոխվեց Հայաստան: Այստեղ եմ դպրոց գնացել: Մի շրջան է եղել, երբ բացակայել եմ Հայաստանից՝ մեկ տարի Ֆրանսիայում եմ ապրել:

Միշտ հիշում եմ Թեհրանը: Մանկապարտեզ այնտեղ եմ գնացել, ընկերներ ունեմ, բարեկամներ: Ես Թեհրան կարողացա վերադառնալ միայն տասնհինգ տարի անց. շատ հետաքրքիր էր, ամեն ինչ խառնվել էր՝ զգացմունքներս, մտքերս։

Կայանալով Հայաստանում՝ չէի պատկերացնում, թե որքան կարևոր է ինձ համար այնտեղից սկսվել: Բայց շատ բաներ, իհարկե, այլ էին։ Ես տեսա մարդկանց, որոնց հետ մեծանում էի, ու հասկացա, թե որքան տարբեր եմ նրանցից, ու հասկացա, թե որքան տարբեր են Սփյուռքի և հայաստանցու, գաղութային և ոչ գաղութային մտածելակերպերը։

— Գրեթե բոլոր աղջիկներն ինչ-որ տարիքում երազում են դերասանուհի դառնալ։ Ձեր մասնագիտության ընտրությունն այդ երազանքի հասունացման արդյո՞ւնքն էր։

— Չէ՛, այդպիսի երազանք չեմ ունեցել: Ես փոքր տարիքից խաղացել եմ խամաճիկների թատրոնում, մնջախաղի ստուդիայում, ինքնաբերաբար այլ մասնագիտություններ չէին էլ դիտարկվում: Այդպիսի հարց պարզապես չէր առաջանում՝ պիտի դերասանուհի լինե՞մ, թե՞ ոչ: Հարցն առաջացավ շատ ավելի ուշ, երբ որոշեցի, որ այլևս չեմ ուզում խաղալ։

— Ինչպե՞ս դարձաք ռեժիսոր։

— Ես որոշ ժամանակ աշխատել եմ Մհեր Մկրտչյանի անվան թատրոնում, որի հետ շրջագայել եմ, հետաքրքիր ժամանակ անցկացրել։ Հետո գնացի Ֆրանսիա՝ դերասանական արվեստի զարգացման դասընթացների, բայց պարզվեց, որ դրանք սկսնակների համար էին, իսկ ես արդեն թատրոնում աշխատել էի, այնպես որ ինձ հետաքրքիր չէր, թողեցի։ Փոխարենը գրեթե մեկ տարի անցկացրի Ֆրանսիայի տարբեր թատրոններում, որտեղ ամենատարբեր բաներով էի զբաղվում։ Երբ վերադարձա, սիրողական խումբ ստեղծեցի, որում ընդգրկվեցին դերասանական արվեստը ուսումնասիրել ցանկացող մարդիկ: Մոտ մեկ տարի աշխատելուց հետ էլ ստեղծվեց «Բռնաբարությունը»: Դա մեր խմբի առաջին ներկայացումն էր:

— Ինչո՞ւ չեք ուզում խաղալ։

— Դժվարանում եմ բացատրել։ Չեմ կարծում, որ այսօր մեր բեմերում թատրոն է ստեղծվում։ Ինձ հետաքրքիր չէր։ Չի պատահում, որ ներկայացում տեսնեմ և նախանձեմ, որ ես չեմ այդ դերը խաղում։

Երկար ժամանակ թատրոնում աշխատելով՝ զգում էի, թե ինձ ինչը չի գոհացնում, բայց չէի գիտակցում։ Մեկ տարի ընդմիջումից հետո ինձ համար ամեն ինչ ավելի քան պարզ դարձավ։ Ժամանակին մտածում էի, որ անհանդուրժող եմ, չեմ կարողանում համակերպվել իրականությանը, բայց հիմա հասկանում եմ, որ դրա կարիքը պարզապես չկա։

— Ի՞նչ փուլում է Ձեր մյուս նախաձեռնությունը՝ դրամատիկական ընթերցումները։
— Հայաստանյան թատրոնի ամենամեծ բացը դրամատուրգիան է: Այն էլ թատրոնի այն տեսակում, որը ենթադրում է ենթարկվածություն տեքստին։ Մեր թատրոնի հիմքում սցենարն է, ոչ թե՝ մի խումբ մարդիկ հավաքվում են գաղափարի շուրջ և երևակայում: Այս պայմաններում մեր թատերական գործիչները վերցնում են փոշոտ, հին մի պիես և բեմադրում։ Այնինչ կան բազում դրամատուրգներ, որոնք գրում են։ Բայց նրանց հանդիպումը ռեժիսորի հետ չի կայանում։ Ուզում էինք օգնել այդ գործընթացին, չստացվեց։

Մենք ուզեցինք դրամատուրգների մրցույթ կազմակերպել, հետո հատուկ միջոցառում ձեռնարկեցինք, որի ընթացքում դրամատուրգներն ու թատերական գործիչները պիտի հանդիպեին և զրուցեին։ 76 հրավիրատոմս տպեցինք… հանդիպմանը ներկա էին հինգը։ Այսինքն՝ նրանք լրիվ անտարբեր են։ Այսօր Հայաստանում ոչ ոք չի գործում իրականության հետ։ Գոյություն ունի հանդիսատես, դրամատուրգ, ռեժիսոր, բայց ամենքն իրենց յուղի մեջ են տապակվում։ Բայց չէ՞ որ թատրոնը սինթեզ է։ Հիմա ամիսը մեկ հանդիպում ենք ժամանակակից գրողների հետ, ոչ դրամատուրգների, և նրանք ընթերցում են իրենց գործերը:

— Իսկ թատրոնը շարունակվո՞ւմ է։
— Այո՛։ Մենք հիմա նոր ներկայացման ենք պատրաստվում։ Խումբը մեծացել է, պրոֆեսիոնալ դերասաններ են ներգրավվել, մենք առաջ ենք շարժվում։ Կրկին նոր գործընթաց, նոր խնդիրներ, որոնք նոր լուծումներ են պահանջում՝ շատ ոգևորված ենք:

Այս ներկայացումը կարող եմ նկարագրել իբրև դասական թատրոն, այսինքն՝ լիովին տարբերվելու է «Բռնաբարությունից»։ Հիմա թատրոնի պատմությունն եմ նորից քրքրում, ուզում եմ, որ իսկական հեքիաթ ստացվի։

— Ի՞նչ յուրահատկություններ ունի աշխատանքը ոչ պրոֆեսիոնալ դերասանների հետ, խնդիրներ չե՞ն առաջանում։

— Ոչ պրոֆեսիոնալ դերասանների հետ աշխատելն ինձ համար ամենահաճելի բանն է։ Ոչ այն պատճառով, որ նրանք ենթարկվում են, հակառակը՝ նրանք բացարձակ չեն ենթարկվում, անում են՝ ինչ ուզում են։ Թևերս իջեցնում եմ և խոնարհվում նրանց առջև, որ կարողանան բացվել, որովհետև չկա արհեստավարժություն, չկա «Ես գիտեմ, դու չգիտես», չկա թատրոնի տեսակ: Յուրաքանչյուր օրը բացահայտում է. շատ-շատ հետաքրքիր է։

— Դերասան, ռեժիսոր, բանաստեղծ, յոգայի ուսուցիչ, հավանաբար ցուցակը կարելի է շարունակել, եթե ոչ հիմա, ապա՝ ապագայում: Չե՞ք վախենում ուժերը վատնելուց, մի բանի վրա չկենտրոնանալուց։

— Ամեն ինչ տանում է մի բանի՝ քո մտքերի, մարմնի, համատեքստի, մարդկանց հետ ներդաշնակության: Եթե խոսքը գրականության մասին է, ապա ես փոքրուց եմ դրանով հետաքրքրվել: Երբ ընդունվում էի թատերական, հարց չկար, որ գրելը պիտի թողնեմ։ Եթե դերասանուհի եմ, նշանակում է՝ ինքնաբավության զգացողությունն ամբողջովին պիտի թատրոնից ստանամ, բայց այդպես չէ։ Յուրաքանչյուր միտք, գաղափար ճիշտ արտահայտչամիջոցի կարիք ունի։ Այո՛, ես յոգա եմ դասավանդում, «Արտերիայում» կոմիքսներ եմ անում, դա չի նշանակում, որ ես ցաքուցրիվ մարդ եմ: Պիտի հասկանաս՝ ինչը որտեղից է գալիս և ուր է գնում: Պետք է անընդհատ շարժման մեջ լինել: Ես 16 տարեկանում, երբ սեղանի թենիսի Հայաստանի չեմպիոն էի, ու ես հիմա՝ անճանաչելի մարդիկ ենք: Ու ես հիմա ես չէի լինի՝ առանց այն ժամանակի փորձառության։

Զրուցել է Մարիա Հովսեփյանը

Մեկնաբանել