«Արգոյի» պատճառով Հոլիվուդին դատի կտան

Իրանական իշխանությունները մտադիր են օսկարակիր «Արգո» ֆիլմի համար դատի տալ Հոլիվուդին․ Թեհրանի կարծիքով ֆիլմում միտումնավոր աղճատված է Իրանի կերպարը:

Իրան է ժամանել ֆրանսիացի փաստաբան Իզաբել Կուտան Փեյրը, որը տեղացի պաշտոնյաների հետ քննարկում է դատական հայցի մանրամասները: Տիկին Կուտան Փեյրը նաև ներկայացնում է վենեսուելացի ահաբեկիչ Իլյիչ Ռամիրես Սանչեսի շահերը, որը հայտնի է որպես «Կառլոս Շնագայլ»:

Դատական հայց ներկայացնելու վերաբերյալ որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ իրանցի պաշտոնյաների ու կինոքննադատների մի խումբ այցելել է Թեհրանի կինոթատրոններից մեկի փակ ցուցադրությանը:

Դեռ փետրվարին Իրանի իշխանությունները խիստ քննադատության են ենթարկել ամերիկացի ռեժիսոր Բեն Աֆլեկի «Արգո» ֆիլմը՝ այն անվանելով իրենց երկրի դեմ ուղղված ամերիկյան քարոզչություն: Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա և պատմում է 1979թ. իրանցի ակտիվիստների գրաված ամերիկյան դեսպանատնից վեց պատանդի փախուստի մասին:

Տարեսկզբին իրանական մշակույթի բյուրոն կարգադրել է նկարահանել The General Staff խորագրով ֆիլմ, որը կառաջարկի տեղի ունեցածի միանգամայն այլ վարկած: Ֆիլմի ռեժիսոր Աթաոլլա Սալմանիանի խոսքով՝ «նախագիծը կլինի լայնամասշտաբ և որևէ ընդհանուր բան չի ունենա հոլիվուդյան հակապատմական ֆիլմի հետ»:

Բեն Աֆլեկի ժապավենն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ ամերիկյան «Օսկարի», «Ոսկե գլոբուսի» և բրիտանական BAFTA-ի:

Մեկնաբանել