Հունգարիայի խորհրդարանն ընդունել է սահմանադրական վիճելի փոփոխությունները

Հունգարիայի խորհրդարանը մարտի 11-ին կողմ է քվեարկել սահմանադրական վիճելի փոփոխություններին՝ չնայած Բրյուսելի դժգոհությանը։ Բարեփոխումը նախաձեռնել է իշխող կուսակցությունը, որին օրենսդիր մարմնում աջակցում է պատգամավորների 2/3-ը։ Քվեարկությունը, որն ընդդիմությունը բոյկոտել է, ուղեկցվել է բողոքի ակցիաներով, հաղորդում է Euronews-ը։

Քննադատներն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ փոփոխությունները կսահմանափակեն դատական իշխանությունն ու բացասաբար կանդրադառնան բարձրագույն կրթության ոլորտի զարգացման վրա։ Վերջին հանգամանքի կապակցությամբ հատկապես դժգոհ է երիտասարդությունը։

Այսպես, պետության հաշվին կրթություն ստացած ուսանողները ստիպված կլինեն որոշակի ժամանակ հատուցել աշխատանքով Հունգարիայում, իսկ նրանք, ովքեր կորոշեն աշխատանքի տեղավորվել արտասահմանում՝ փոխհատուցել պետությանը ուսման վճարը։

Սահմանադրական փոփոխությունների դեմ ուղղված բողոքի խոշոր ցույցեր Բուդապեշտում տեղի էին ունեցել նաև հանգստյան օրերին։

Անցյալ շաբաթ Եվրամիության առաջնորդները Հունգարիային կոչ էին արել հետաձգել սահմանադրական փոփոխությունների հարցով քվեարկությունը՝ հիշեցնելով, որ կառավարությունն ու խորհրդարանը պետք է ընդունեն որոշումները՝ համապատասխան ԵՄ-ի ժողովրդավարական սկզբունքների։

Սակայն Բրյուսելի նախազգուշացումները, ըստ ամենայնի, Բուդապեշտն անտեսել է։

Մեկնաբանել