Սարգսյանը Պուտինին պետական այցով հրավիրել է Հայաստան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը նրան պաշտոնապես հրավիրել է այցելել Հայաստան, ինչպես նաև Ռուսաստանի օգնության և աջակցության հույս հայտնել, հաղորդում է ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը։

ՌԴ նախագահի քաղաքամերձ նստավայրում կայացած երկկողմ հանդիպմանը Սարգսյանը հիշեցրել է, որ սա իր առաջին արտասահմանյան այցն է Հայաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո։  

«Այն, որ սա իմ առաջին արտասահմանյան այցն է հենց Մոսկվա, օրինաչափ է։ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, մեր դաշնակիցը, և դրանով ամեն ինչ ասված է»,- ասել է Սարգսյանը` հավելելով, որ երկու երկրները բացառիկ արդյունքների են հասել բոլոր ոլորտներում՝ քաղաքականությունում, տնտեսությունում, ռազմական ոլորտում, մարդասիրական և ինտեգրացիոն գործընթացներում:

«Եվս մեկ անգամ հաստատում եմ հրավերը` պետական այցով այցելելու Հայաստան»,- հավելել է նա։

Պուտինը, իր հերթին նշել է, որ Ռուսաստանին ու Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ, և կրկին շնորհավորել է Սարգսյանին նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։ 

«Մենք Հայաստանի հետ առանձնահատուկ հարաբերություններ ունենք։ Ընդհանուր առմամբ, դրանք հաջողությամբ են զարգանում։ Չնայած համաշխարհային տնտեսության որոշակի դժվարություններին՝ անցյալ տարի ավելի քան 20%-ով աճել է ապրանքաշրջանառությունը, և ինձ համար շատ հաճելի է նշել, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առևտրատնտեսական առաջին գործընկերը»,- ասել է Պուտինը` հավելելով, որ Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում նաև Հայաստանում կուտակված օտարերկրյա ներդրումների ծավալով՝ ավելի քան $3 մլրդ։

Պուտինի խոսքով՝ ոչ պակաս ակտիվ են զարգանում շփումները նաև քաղաքական ոլորտում։