Հայտնի են Google Glass-ի առաջին 5 բջջային ծրագրերը

Google որոնողական հսկան մարտի 8-17-ը Տեխասում անցկացվող South by Southwest (SXSW) համաժողովի շրջանակում պատմել է Glass «խելացի» ակնոցի համար նախատեսված առաջին հինգ բջջային ծրագրերի մասին, հաղորդում է Verge-ը: Դրանք են` Gmail էլեկտրոնային փոստային ծառայությունը, Path սոցցանցը, Evernote տվյալների ստեղծման և պահպանման ծառայությունը, New York Times օրաթերթի վիջեթը և նկարների փոխանակման Skitch ծառայությունը:

Բոլոր հինգ ծրագրերն օգտագործում են Timeline cards ինտերֆեյսը (միջերեսը)` ակնոցը կրողին նոր հաղորդագրությունները ցուցադրելու նպատակով, իսկ սարքավորմանը տեղեկություններ փոխանցելու համար օգտագործվում է Mirror API ինտերֆեյսը (միջերեսը):

Google-ը հաղորդում է, որ ամեն ժամ NYT վիջեթը Glass-ի մինիէկրանին ցուցադրում է ամենակարևոր նորությունների վերնագրերը: Օգտագործողի` գլուխը վեր բարձրացնելու դեպքում Glass-ը ցուցադրում է տվյալ նորության լուսանկարներն ու բարձրաձայն ընթերցում այն: Gmail-ը նույնպես կարելի է օգտագործել կարևոր հաղորդագրությունների ընթերցանության համար: Նոր հաղորդագրություն ստանալու դեպքում Glass-ը ցուցադրում է ուղարկողի անունը և օգտագործողին առաջարկում պատասխանել դրան: Path սոցցանցի թարմացումները օգտագործողին կրկին կհաղորդվեն ակնոցի էկրանի օգնությամբ: Mirror API-ի թողարկումից հետո ծրագրային ապահովման մասնագետները հնարավորություն կունենան ստեղծել սեփական «քարտերը», որոնցում կտեղադրվեն տեքստեր, նկարներ և տեսանյութեր:

Հիշեցնենք, որ Google Glass «խելացի» ակնոցի թողարկման մասին ընկերությունը նշել էր 2012թ. հունիսին: Ակնկալվում է, որ սարքավորումն ազատ վաճառքի կհանվի ընթացիկ տարում:

Մեկնաբանել