Ավելի ուղղահայաց հարաբերություններ

Երեկ Մոսկվայում կայացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Սարգսյանը հիշեցրել է, որ դա իր առաջին արտասահմանյան այցն է Հայաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո: «Այն, որ սա իմ առաջին արտասահմանյան այցն է հենց Մոսկվա, օրինաչափ է: Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, մեր դաշնակիցը, և դրանով ամեն ինչ ասված է»,– ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ երկու երկրները բացառիկ արդյունքների են հասել բոլոր ոլորտներում՝ քաղաքականությունում, տնտեսությունում, ռազմական ոլորտում, մարդասիրական և ինտեգրացիոն գործընթացներում:

Առհասարակ, հայ-ռուսական հարաբերությունները Սերժ Սարգսյանի նախագահության անցած հինգ տարիներին ավելի վերտիկալ են դարձել: 2008թ. օգոստոսին ռուս-վրացական պատերազմից հետո Պուտինին հրապարակայնորեն անպատված Սաակաշվիլիին Երևանում մեդալի արժանացնելու Սարգսյանի քայլը թերևս այն հիմնական պատճառն էր, որ անցած հինգ տարիների ընթացքում Պուտինը ո՛չ վարչապետի և ո՛չ էլ նախագահի կարգավիճակով Հայաստան չեկավ: Ընդ որում՝ անցած տարվա վերջին նախատեսված այցը անհասկանալի պատճառներով հետաձգվեց:

Անցած տարիներին Ռուսաստանը շարունակել է իրագործել իր բոլոր ռազմավարական նպատակները Հայաստանում՝ կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների գնում, արտոնյալ պայմաններով ռազմաբազաների պայմանագրի երկարաձգում, իր միգրացիոն քաղաքականության մեջ անզիջում դիրքորոշում և վերջապես՝ այս ամենով հանդերձ՝ գազի գնի բարձրացում:

Ի՞նչ կարող է դրվել հաջորդ հինգ տարիներին Պուտին-Սարգսյան բանակցությունների օրակարգում: Թերևս Հայաստանի առջև ավելի հստակ կդրվի Մաքսային միությանը, Եվրասիական դեռևս գոյություն չունեցող միությանը և այլ անախրոնիկ ինտեգրացիոն գործընթացներին մասնակցության հարցը:

Մեկնաբանել