Ոչ թե երկրորդ փուլ էր լինելու, այլ պարզապես հաղթելու էր. Հովսեփ Խուրշուդյան

ՍիվիլՆեթը զրուցել «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի հետ: Հարցազրույցից հատվածներ ներկայացված են ստորև:

— Գալուստ Սահակյանը չբացառեց, որ Սերժ Սարգսյանը գնա Ազատության հրապարակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ: Հովհաննիսյանն ո՞ւնի այն օրակարգը, որի շուրջ պետք է բանակցի:

— Օրակարգը հենց այն օրակարգն է և շարունակելու է լինել այդ օրակարգը, որը առաջադրել է Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնի հանդիպման ժամանակ՝ նախագահի նստավայրում: Այսինքն՝ նախևառաջ՝ ժողովրդի հաղթանակի վավերացում, երկրորդ՝ որպես այլընտրանքային տարբերակ՝ երկրորդ փուլ, որ հստակ լինի, թե ով է հաղթել: Երրորդ՝ որպես ծայրահեղ զիջում, վավերացնել ժողովրդի հաղթանակը այլ տարբերակով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով: Այսինքն՝ ցրել խորհրդարանը, խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնել՝ վերացնելով մեծամասնական ընտրակարգը, և դրանից հետո կազմել նոր կառավարություն, ինչը և կլիներ փոխզիջման նվազագույն շեմը, որին պատրաստ էր Րաֆֆի Հովհաննիսյանը: Երեք տարբերակին էլ գործող նախագահը ասել է՝ ոչ: Եթե հիմա նա փոխել է դիրքորոշումը և առաջարկում է հանդիպել, կարծում եմ՝ դա ողջունելի է:

— Շատերը Րաֆֆի Հովհաննիսյանին քննադատում են այն բանի համար, որ հստակ չի ձևակերպում պահանջները: Օրինակ՝ ասում է «ժողովրդի հաղթանակ»: Ի՞նչ է նշանակում «ժողովրդի հաղթանակ»:

— Նշանակում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ընդունվում է որպես ՀՀ չորրորդ նախագահ:

— Դա Սերժ Սարգսյանին հրաժարական տալու պահա՞նջ է:

— Այդ պահանջը Րաֆֆի Հովհաննիսյանը հնչեցրել է հայտնի հանդիպումից հետո, երբ նրա բոլոր տարբերակներին եղավ բացասական պատասխան: Եվ Րաֆֆի Հովհաննիսյանը արդեն վերջնական արդյունքներից հետո, իսկ այդ հանդիպումը եղել է նախնական արդյունքների պայմաններում, արդեն պահանջեց գործող նախագահի հրաժարականը, քանի նրա պաշտոնավարման ժամկետը կտևի մինչև ապրիլի 9-ը:

— Ըստ պաշտոնական արդյունքների՝ Սերժ Սարգսյանը հաղթել է 350  հազ. ձայնի տարբերությամբ: Սահմանադրական դատարանում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ այսպիսի չհիմնավորված հայցի Սահմանադրական դատարանում ինքը երբեք չի հանդիպել: Ըստ էության՝ ստեղծվում է մթնոլորտ, որ «Ժառանգության» պահանջը չհիմնավորված է ընկալվում իրավական հարթությունում:

— Ամեն անգամ ՍԴ-ում հայցը քննելիս նույնն են ասում գործող իշխանությունները և նրանց կամակատարները: Ես կարծում եմ, որ հիմնավորումները բավարար են և առավել քան ցայտուն են, հատկապես որ այդ հիմնավորումներին ավելացել է նոր մեթոդաբանություն՝ մաթեմատիկական վերլուծություն, որը կիրառվում է անգամ միջազգային դիտորդական առաքելությունների կողմից: Նույն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը իր միջանկյալ հաշվետվության մեջ հատուկ անդրադարձ էր կատարել այդ մաթեմատիկական վերլուծությանը, որը ցույց է տալիս, որ այն տեղամասերում, որտեղ մասնակցությունը համապատասխանում է նորմալ ցուցանիշներին՝ 50-55%, հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ որտեղ մասնակցությունը եղել է անբնական բարձր՝ ընդհուպ մինչև 100%, մեծ գերակշռությամբ հաղթել է Սերժ Սարգսյանը: Ընդ որում՝ շատ դեպքերում դրանք այնպիսի բնակավայրեր են, որտեղ 90, 100 տոկոս մասնակցություն է ձևակերպվել, և որտեղ 90, 100 տոկոսով Սերժ Սարգսյանը հաղթանակ է տարել: Դրանք այնպիսի բնակավայրեր են, որտեղ բնակչության 30-40%-ը բացակայում է: Այսինքն՝ դա փաստ է: Եթե նրանք չեն ուզում դա տեսնել որպես փաստ և ինչ-որ նորմերի և դրույթների տառակերությամբ են զբաղված, կարծում եմ, որ որևէ կապ չունեն ո՛չ արդարադատության, ո՛չ մեր իրականության հետ: Դա ակնհայտ փաստ է, մենք ունենք մարդահամարի արդյունքներ, ինչից երևում է, թե որ գյուղում քանի բնակիչ է բացակայում: Մենք չունենք այնպիսի բնակավայրեր, որտեղ բնակչության 100%-ը ներկա գտնվի, բայց ունենք բնակավայրեր 100% մասնակցությամբ: Նրանք ուզում են ասել, որ դա օրինական արդյունք է, այդտեղ ոչինչ չկա, դա հիմնավորում չէ այդ տեղամասերում արդյունքները անվավեր ճանաչելու համար:

Մենք թվերով ներկայացրել ենք, թե քանի տեղամասերում, ինչ տոկոսային հարաբերակցությամբ ով է հաղթել: Եվ եթե նորմալ մասնակցություն գրանցվեր բոլոր տեղամասերում, Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթելու էր: Ոչ թե երկրորդ փուլ էր լինելու, այլ պարզապես հաղթելու էր:

— Հանրապետականները նշում են, որ լավ է, որ դիմել եք ՍԴ, բայց ճիշտ կլիներ, որ հրապարակային ակցիաները դադարեցնեիք, որպեսզի ճնշում չլինի ՍԴ դատավորների վրա: Դուք հավատո՞ւմ եք, որ ՍԴ-ն կարող է արդարացի որոշում կայացնել:

— Ես չեմ ուզում գնահատականներ տալ հուզական դաշտում։ Ուզում եմ հույս հայտնել, որ ՍԴ-ն և դատավորները կօգտվեն այն հնարավորությունից, որը տվել է նրանց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ մաքրվելու կեղծված ընտրությունները լեգիտիմացնելու արատավոր փորձից: Մենք մեկ անգամ չէ, որ ՍԴ-ի կողմից ունենք կեղծիքի վավերացում: Ժողովուրդն ընտրում է մեկ նախագահ, լրիվ այլ պատկեր է ցուցադրվում, և ՍԴ-ն դա վավերացնում է:

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք այստեղ:

Մեկնաբանել