Փակ է Սելիմի լեռնանցքը, ճանապարհներին` տեղ-տեղ մերկասառույց

Այս գիշեր և առավոտյան հանրապետության գրեթե ամբողջ տարածքում տեղումները կպահպանվեն. հաղորդում է meteo-tv-ն: Հովիտներում հնարավոր է նաև ամպրոպ: Ընդհանուր պատկերից կզանազանվեն Սյունիքն ու Արցախը. այստեղ կգերակայի առանց էական տեղումների եղանակը: Առանձին վայրերում հնարավոր է քամի 15-20մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում` սաստիկ բուք և ցածր տեսանելիություն:

Կեսօրից հետո տեղումները հետզհետե կթուլանան և կդադարեն, օրվա 2-րդ կեսին ամենուրեք կհաստատվի առանց տեղումների եղանակ:

Երևանում սպասվում է անձրև և ամպրոպ, կեսօրից հետո տեղումները կդադարեն:

Օդի բարձր ջերմաստիճանը և առատ տեղումները կարագացնեն ձյան ծածկույթի ինտենսիվ հալոցքը, հնարավոր են վարարումներ և ափամերձ տարածքների և բնակավայրերի ջրածածկում: Անհրաժեշտ է ձեռնարկել մի շարք միջոցառումներ, այդ թվում` ստուգել հեղեղատարների և գետերի հուների անցանելիությունն ու արգելապատնեշների վիճակը` ձնհալի վտանգավոր հետևանքներից խուսափելու համար:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 01:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ է Սելիմի լեռնանցքը: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ (ԼՂՀ) ճանապարհահատվածը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհահատվածներով երթևեկելուց:

Մեկնաբանել