Christie’s-ը կվաճառի 101,73-կարատանոց բացառիկ ադամանդ

Մայիսի 15-ին Ժնևում Christie’s-ը վաճառքի կդնի 101,73 կարատ կշռող բացառիկ ադամանդ, հաղորդել է աճուրդի տան ներկայացուցիչը: Թանկարժեք քարը գնահատվում է ավելի քան 20 մլն դոլար:

Տանձաձև թանկարժեք այս քարը գույնի սանդղակով վերաբերում է D կատեգորիային և IIa ֆիզիկական տիպին, որին պատկանում է աշխարհում արդյունահանվող ոսկերչական ալմաստների ընդամենը 2 տոկոսը:

Ամերիկայի երկրներում և Շվեյցարիայում Christie’s-ի ոսկերչական իրերի բաժնի ղեկավար Ռահուլ Կադակիի կարծիքով՝ վաճառքի դրվող քարը «իր չափերով, որակով և բացառիկությամբ ամենագեղեցիկ «սպիտակ» ադամանդներից է, որոնք աճուրդի տունը երբևէ պատիվ է ունեցել վաճառել»:

Christie’s-ն ունի բավական լավ փորձ Ժնևում հազվագյուտ ադամանդների վաճառքի հարցում:  Անցյալ տարվա նոյեմբերին 20,36 մլն ֆրանկով (21,48 մլն դոլար) աճուրդի տունը վաճառել է 76,02-կարատանոց Archduke Joseph ադամանդը: Այն դարձել է Christie’s-ի աճուրդներում երբևէ վաճառված ամենաթանկ անգույն ադամանդը: