Ձեռքը սեղանին խփելու շոու

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը մի քանի օր է, ինչ ներկայացնում է իր տարեկան զեկույցը՝ ոլորտ առ ոլորտ: Օմբուդսմենի գրասենյակը, իհարկե, հայտնագործություններ չի կատարում, ընդամենը արձանագրում է, օրինակ, որ Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնյաները զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ և հստակ ու արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկում ստվերային տնտեսությունը, հատկապես խոշոր բիզնեսում, էականորեն կրճատելու ուղղությամբ, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հակամրցակցային դրսևորումներին հատվածական վերաբերմունք ունի, որ էկոնոմիկայի նախարարությունում բազմաթիվ դեպքեր են գրանցվել լիցենզավորման ընթացքում ոչ միասնական մոտեցում ցուցաբերելու առումով և այլն:

Օմբուդսմենի գրասենյակը միակը չէ, որ չարաշահումներ է արձանագրում պետական ինստիտուտների կողմից: Ժամանակ առ ժամանակ նման բացահայտումներով հանդես են գալիս նաև Վերահսկիչ պալատը, Նախագահի վերահսկողական ծառայությունը: Վերջինի բացահայտումներից հետո հանրապետության նախագահը խոսակցական հայերենում անգամ նոր եզր մտցրեց՝ ատկատ: Սակայն ատկատների դեմ պայքարը կարծես սահմանափակվեց ատկատների մասին շատ խոսելով և մի քանի հրապարակային պաշտոնանկություններով:

Առհասարակ, անգամ մամուլի հրապարակումները հիմք կարող են լինել համապատասխան հետաքննություն սկսելու համար, էլ չենք խոսում այն մասին, որ պետական այսպիսի կառույցների բացահայտումները պետք է աղմկահարույց հետաքննությունների ու դատավարությունների պատճառ դառնային:

Սակայն Հայաստանում արդեն սովորույթի պես բան է դարձել, երբ քաղաքական վերարտադրության որոշակի սեզոնների որոշակի թեմաներ առավել ակտուալ են դառնում, բայց միայն քաղաքական փիարի համար:

Երկրի ղեկավարը հանկարծ հայտնաբերում է, որ իր շուրջը ատկատներ կան, ձեռքը խփում է սեղանին ու պահանջում պատժել չարագործներին:

Այս ամենը խոսում է այն մասին, որ Հայաստանում քաղաքական-պետական համակարգը հիվանդ է և անհապաղ վիրահատական միջամտության կարիք ունի:

Առողջ համակարգում հարցերը ձեռքը սեղանին խփելով չեն լուծվում: Առողջ համակարգը թույլ չի տալիս, որ հիվանդությունը զարգանա մինչև ձեռքը սեղանին խփելը:

Ներկայիս քաղաքական իրողությունները խոսում են, որ ձեռքը սեղանին խփելու հաջորդ շոուն կլինի չորս տարի հետո:

Մեկնաբանել