Գարուն է, մոլախոտերի դեմն առնելու լավագույն ժամանակը

Բանջարի տրամաբանությամբ ղեկավարը չի կարող ունենալ մարդկային պարզ տրամաբանություն:

Մոտ չորս տարի առաջ էր: Բավական ազդեցիկ պաշտոնում հայտնված երիտասարդ ծանոթներիցս մեկը մեր շատ պատահական հանդիպման ժամանակ ինձանից փորձեց տեղեկանալ, թե ինչ վիճակ է դրսում, ժողովուրդը զգո՞ւմ է դրական փոփոխությունները, թե՞ ոչ:
Պարզ էր՝ նա ինձանից ակնկալում էր դրական պատասխան: Միշտ այդպես է: Ժողովրդին ապակե պատուհաններից նայող ցանկացած պաշտոնյայի համար երկիրը համարյա դրախտ է, և ակնկալում է լսել միայն գովեստի խոսքեր: Բնականաբար, ես չէի կարող չօգտագործել առիթը և չասել ճշմարտությունը՝ ընդգծված շեշտելով գյուղերում առկա սոցիալ-տնտեսական ծանր վիճակը և դրանից բխող բոլոր բացասական հետևանքները: Իմ մեկնաբանություններից հետո ծանոթս մռայլվեց, մի քիչ լռելուց հետո ասաց.

– Ոչինչ, շուտով բանջարը դուրս կգա,– ասաց և դեմքի խելացի արտահայտությամբ սկսեց համոզել,– դժվարը գարունն է, հանենք, հետո մրգի սեզոնն է գալու: Գյուղացու ձեռքը փող կընկնի…

Մեր հանդիպումից անցել է չորս տարի: Այլևս չենք հանդիպել: Կարող էի առիթ գտնել, հանդիպել, զրուցել, բացատրել, բայց հարց է առաջանում՝ ինչի՞ համար: Մարդը տեղավորվել է իր տաքուկ սենյակում, իր ղեկավարությանը շռայլելով գովեստի խոսքեր՝ ավելի է ամրապնդել իր դիրքերը, ավելի ընդունելի և սիրելի անձ դարձել: Պարզ է, չէ՞, որ բանջարի տրամաբանությամբ ղեկավարը չի կարող ունենալ մարդկային պարզ տրամաբանություն: Այստեղից էլ բոլոր հետևությունները՝ մարդկային տրամաբանությունը մեր օրերում ընդունելի չէ: Պետք է քեզ բանջարի տեղ դրած ապրես, որ արևի տակ տեղ ունենաս: Կարճ ասած՝ «դու ինձ, ես՝ քեզ»: Այս կարգախոսը շատ կոմունիստական է, բայց արի ու տես, որ այն իր արդիականությունը չի կորցրել նույնիսկ խորհրդային կարգերի փլուզումից քսան և ավելի տարիներ անց: Ավելին՝ ես կասեի՝ ավելի է արմատակալել, ուժեղացել, բարգավաճել, միայն թե այս դեպքում, փոխհատուցումը տեղի է ունենում քծնանքի դիմաց:

Ի՞նչ եք կարծում, զրուցակիցս չգիտե՞ր, թե երկրում ինչպիսի վիճակ է: Իհարկե գիտեր, նույնիսկ շատ ավելի լավ, քան ես: Բայց արի ու տես, որ գիտենալը մի բան է, խոստովանելը՝ այլ բան: Խոստովանության համար մարդ ուժեղ պետք է լինի և պատրաստ լինի ավելի ուժեղանալու: Իհարկե, այս դեպքում կորուստներ ունենալու հավանականությունն է մեծանում, որից հետո հնարավոր է՝ ստիպված լինես գնալ բանջար հավաքելու: Իսկ բանջարով, ինչպես ասում են, փոր չես կշտացնի, դրանով կարող ես ընդամենը խաբել ստամոքսիդ: Բայց որքա՞ն խաբես: Մի օր կարթնանաս ու կտեսնես, որ ստամոքսումդ էրոզիա է սկսվել, սա իհարկե լավագույն դեպքում: Շատ դեպքերում լինում է ավելի վատ:

Այժմ հենց այդ վատն է, շատ ավելի վատ վիճակը: Բայց ցավոք, բանջարային տրամաբանության կրողները շարունակում են նույն կերպ տրամաբանել: Նրանք չեն էլ ուզում մտածել, որ այս վատ վիճակը հենց իրենց մեղքով է: Նրանք շարունակում են հոխորտալ, ցույց տալ, որ ամեն ինչ լավ է, չկան խնդիրներ, իսկ եթե կան, ապա դրանք հնարովի են՝ ուղղորդված Արևմուտքից և այլն: Ինչո՞ւ: Այդպես նրանց պետք է, ավելի, քան երբևէ: Նրանք, տարիներ շարունակ սին հույսեր տալով և քծնելով, բարձրացել են վեր, նշանակվել նախարար, վարչության պետ, դարձել պատգամավոր…, և այդ ամենը բանջարային տրամաբանության շնորհիվ:

Եվ հիմա, երբ արդեն բանջար հավաքող չի մնացել, մոլախոտերն ավելի ցայտուն են երևում: Բանջարային տրամաբանությունից սահուն, հույսի քարոզի ուժով հայտնվեցինք մոլախոտերի մեջ և ստիպված այդ մի փշուր հույսից էլ երես թեքեցինք: Խաբկանքի ալիքներում հույսի ռեսուրսն էլ սպառվեց, և դարձանք անհույս: Իսկ հույսը կորցրած մարդու համար մոլախոտից ազատվելու միակ միջոցը այն քոքահան անելն է, որովհետև ոչ մի դեղամիջոց, ոչ մի թունաքիմիկատ ի զորու չէ զսպել մոլախոտի բազմանալու տենչը:
Գարուն է, մոլախոտերի դեմն առնելու լավագույն ժամանակը:

Մեկնաբանել