Ուսանողները տրվում են վարկավորման

Կառավարությունից մեկ ամբողջ ամիս պահանջվեց՝ հայաստանյան բանկերի հետ համատեղ իրականացվող ուսանողական վարկերի ծրագիրը հաստատելու համար։ Գործադիրը երեկ ֆինանսների նախարարությանը հատկացրեց Դ21,5 մլն՝ այս վարկերի տոկոսադրույքները սուբսիդավորելու համար։

Այս տարվա փետրվարի 6-ին Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը ներկայացրեցին կառավարության և հայաստանյան բանկերի հետ համատեղ իրականացվելիք ուսանողական վարկերի ծրագիր։ Թեև բանկերի և ուսանողների շրջանում որոշակի սպասումներ կային՝ ծրագրի հետ կապված, այն բավական դանդաղ մեկնարկեց։ Ուսանողների մի մասին այդպես էլ չհաջողվեց օգտվել ծրագրից և վարկի միջոցով վճարել 2012-2013 ուստարվա երկրորդ կիսամյակի վարձավճարները՝ բուհերն իրենք են սահմանում վճարումների վերջնաժամկետները։

Ծրագիրը նախատեսում է դրամային վարկ տրամադրել ուսանողների ծնողների կամ խնամակալների երաշխավորությամբ, մինչև 10 տարի մարման ժամկետով, որից ուսումնառության ընթացքում կմարվեն միայն տոկոսավճարները (առավելագույնը 4 տարի)։ Ուսումնառության ավարտից հետո կկատարվեն վարկի մայր գումարի և տոկոսագումարների հավասարաչափ մարումներ։ Վարկը կտրամադրվի 12% տոկոսադրույքով, որից պետությունը բոլոր շահառուների համար կսուբսիդավորի 2%-ը, իսկ նախորդ մեկ տարվա ընթացքում գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար՝ 3%-ը։ Վարկը, ի դեպ, անկանխիկ է. գումարը փոխանցվելու է անմիջապես ուսումնական հաստատություններին։

Փետրվարից ծրագրում ընդգրկված բանկերը բավարարել են միայն սահմանափակ թվով վարկային հայտեր՝ գաղափարի գոյության իրավունքը, ըստ էության, չտապալելու համար։ Որպեսզի հնարավոր լիներ իրականացնել լայնածավալ վարկավորում, ֆինանսների նախարարությունը «Բնակարան երիտասարդներին» ունիվերսալ վարկային կազմակերպության հետ պետք է կնքեր փոխըմբռնման հուշագիր։ Պարզ ասած՝ բանկերը տրամադրում են ուսանողական վարկեր, հետագայում դիմում «Բնակարան երիտասարդներին» ՈՒՎԿ-ին, որը և վերաֆինանսավորում է այդ վարկերը, բացի այդ՝ սուբսիդավորում տոկոսադրույքները։ Փաստաթուղթը կողմերը կկարողանան ստորագրել միայն կառավարության երեկվա որոշումից հետո։

Ֆինանսների նախարարության գնահատմամբ՝ 2013թ. կտրամադրվեն մոտ Դ1 մլրդ-ի վարկեր։ Ծրագրի շրջանակներում տոկոսադրույքների սուբսիդավորման համար անհրաժեշտ կլինի Դ21,5 մլն, որից Դ4,5 մլն-ը՝ գերազանց առաջադիմություն ցուցաբերող ուսանողների մասով։

Մեկնաբանել