Որ դեպքում են հեղափոխությունները թույլատրելի

Երեկ, մինչ Սահմանադրական դատարանը քննում էր ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի հայցերը, վերջինս ՍիվիլՆեթին պատմեց իր հայցի մոտիվացիայի և հետագա հնարավոր գործողությունների մասին:

— Պարոն Ղուկասյան, ինչո՞ւ դիմել դատարան, երբ վճռի բովանդակությունը արդեն իսկ պարզ է:

— Ակնհայտ է, որ քրեաօլիգարխիկ համակարգը անհնար է հաղթահարել ընտրական գործընթացով: Քրեաօլիգարխիկ համակարգը, պատմությունը ցույց է տալիս, տապալվում է հեղափոխական ճանապարհով:

— Համաժողովրդական ընդվզմա՞ն:

— Կամ կազմակերպված հեղափոխությամբ, որովհետև համաժողովրդական ընդվզումը անկազմակերպ, ինքնաբուխ կարող է լինել, իսկ հեղափոխությունը կազմակերպված և ինչ-որ կանոնակարգված գործողության քաղաքական պրոցես է: Ինչ է ասում միջազգային իրավունքի համակարգը. այն ասում է, որ մարդու իրավունքը պետք է պաշտպանված լինի օրենքի ուժով, որպեսզի մարդը ստիպված չլինի՝ որպես ծայրահեղ միջոց, դիմել ապստամբության՝ ընդդեմ անարդար հալածանքի:

— Դա ամրագրվա՞ծ է միջազգային կոնվենցիաներում:

— Դրանով սկսվում է 1948թ. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որը վավերացվել է Հայաստանի կողմից: Համադրելով միջազգային փորձը՝ քրեաօլիգարխիկ համակարգերը փոխարինվում են հեղափոխությունների ճանապարհով: Երկրորդ թեզը՝ հեղափոխությունները ո՞ր դեպքում են մարդկանց համար թույլատրելի, ո՞ր դեպքում են միջազգայնորեն ճանաչված գործողություն. երբ դա դառնում է վերջին միջոցը, այսինքն՝ երբ սպառված են մյուս բոլոր միջոցները: Մենք այդ տեսակետից այսօր Հայաստանում ունենք իրադրություն, երբ ընդդիմությունը մասնակցեց ընտրություններին, մասնակցեց նաև ընտրության վիճարկման պրոցեսին և սպառեց օրենքով սահմանված բոլոր հնարավորությունները՝ երկրում ապահովելու իշխանության մարմինների ձևավորումը՝ ժողովրդի կամքի ազատ դրսևորման վրա: Այս պահից, այս ժամից արդեն ընդդիմադիր ուժերի առջև բաց է ճանապարհը մշակելու ճանապարհային քարտեզ, անելու կանոնակարգված գործողություններ, իրականացնելու կազմակերպված ընդվզում՝ առանց բռնության, առանց սահմանադրական կարգի խախտումների: Հանրության կամքը դրսևորել այնպես, որ իշխող կուսակցությունը ստիպված լինի հրաժարվել իր ընդունած քաղաքական որոշումից, որովհետև հասկանում ենք, որ քվեարկության արդյունքը իշխող կուսակցության քաղաքական որոշումն է՝ ում ինչքան տոկոս պետք է լինի. Անդրիաս Ղուկասյանին՝ 0,5, Րաֆֆի Հովհաննիսյանին՝ 37 տոկոս և այլն:

Երկրորդ որոշումը նույնպես քաղաքական է: Մենք դա զգացինք ՍԴ-ում, երբ ՍԴ-ն հրաժարվեց դիմում ներկայացրած կողմերի կարևոր ապացույցների հետ կապված միջնորդությունները բավարարել, դա արդեն վկայում էր, որ դատարանը քաղաքական ազդեցությունների տակ է:

— Իշխանությունը ուզում է վիզուալ տեսնել 540 հազ. մարդ փողոցում՝ դատելով իրենց հայտարարություններից:

— Հետևաբար՝ իշխող կուսակցության այդ ցանկությունը պետք է բավարարվի, և մենք պետք է աշխատենք այդ 530 հազ. մարդուն բերել փողոց, և այդ 530 հազ. մարդը նույնպես գիտակից ձևով անհնազանդություն պետք է ցուցաբերի իշխանությանը, որ այլևս նրան չի ենթարկվում: Ի՞նչ է քաղաքացիական անհնազանդությունը. դա առաջին հերթին տեղեկություն է միջազգային հանրությանը, այլ պետություններին, որ այս ռեժիմը իրավասու չէ մեզ ներկայացնել միջազգային հարաբերություններում, և նրա ընդունած ցանկացած որոշում անվավեր է ընդունման պահից: Մենք, իհարկե, կարիք ունենք պատշաճ իրազեկել բոլոր պետություններին, որ մեր դիրքորոշումը սա է: Նրանք թող որոշեն՝ ՀՀ-ի հետ կնքելո՞ւ են որևէ պայմանագիր, և եթե կնքելու են, ապա դա անելու են իրենց սեփական ռիսկով: Մենք խնդիր ունենք նրանց պատշաճ իրազեկել, որ առաջին՝ Սերժ Սարգսյանը իրավասու չէ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնել միջազգային հարաբերություններում, երկրորդ՝ քաղաքացիները կարող են չենթարկվել անօրինական ճանապարհով ընտրված պետական մարմնի որոշումներին, չճանաչեն այդ որոշումների օրինականությունը:

— Օրինակ՝ հարկերը չվճարե՞ն:

— Մինչև հարկերին հասնելը առաջին որոշումը, որ ընդունում է նոր ընտրված նախագահը, վարչապետ նշանակելն է, և քաղաքացիները կարող են չենթարկվել այդ որոշմանը, այդ մարդուն, ում նշանակել է անօրինական ճանապարհով ընտրված նախագահ, չհամարեն օրինական վարչապետ: Եվ զգուշացնեն յուրաքանչյուր քաղաքական գործչի, որ ով էլ նշանակվի վարչապետ կամ նախարար, հանրության կողմից չի ճանաչվելու, համարվելու է, որ այդ մարդը հանցավորի հետ համագործակցող քաղաքական գործիչ է՝ համապատասխան հետևանքներով:

—  Այդ դեպքում ինչպե՞ս պետք է արտահայտվի չենթարկվելը, չճանաչելը:

— Մեկ այլ ուժին ենթարկվելու մեջ: Այսինքն՝ երբ հանրությունը ճիշտ ձևով այս բոլոր իրազեկումները շահագրգիռ կողմերին ուղարկում է, քաղաքական գործիչներին ասում է՝ եթե վաղը դուք համաձայնեք վարչապետ նշանակել, համահանցակից եք լինելու, մենք ձեզ այդպես ենք դիտարկելու, և դա մեր իրավունքն է՝ ելնելով մեր համոզմունքից, որ այս մարդը անօրինական ճանապարհով է իշխանության եկել: Կարևոր է, որ ձևավորվեն այլ մարմիններ, որոնց հանրությունը կենթարկվի անցումային այս շրջանում: Դրանք կարող են լինել քաղաքացիական կոմիտեներ, որոնք նպատակ կունենան թույլ չտալ երկիրը քաոսի բերել:

—  Առաջին հայացքից հենց այդպիսի քաոս է սպասվում:

— Քաոս է անօրինական իշխանությունը, որովհետև անօրինական իշխանությունը իրականում ի վիճակի չէ որոշումներ իրականացնել: Ձևական շենքերում նստելը, սպիտակ թղթերի վրա կլոր պեչատներ դնելը չի նշանակում իշխանություն իրականացնել: Ժողովրդի իշխանությունը պաշտոնյաները ներկայացնում են, իրականացնում են այն ժամանակ, երբ ժողովրդի և այդ ներկայացուցիչների միջև կա փոխադարձ վստահություն, իսկ եթե այնտեղ իրենց համար նստած են կաբինետներում, բնականաբար, դա է քաոսը: Դա նշանակում է, որ մարդիկ, քաղաքացիները, հանրությունը իր կյանքով է ապրում, իսկ ինչ-որ շենքերում նստած փոքրամասնությունը՝ իր կյանքով:

— Սա երկիշխանության յուրօրինակ դրսևորում կարող է լինել:

— Երկիշխանություն երբեք չի լինում, լինում է իսկական իշխանություն և ապօրինի իշխանություն:

— Ռեսուրսների տիրապետման առումով:

— Եթե երկրում ձևավորվել է ապօրինի իշխանություն… հիմա պատկերացրեք, ենթադրենք, ինչ-որ օտար պետության ներկայացուցիչներ զավթեին մեր երկրի պետական մարմինները ինչ-որ մի ճանապարհով, մենք ի՞նչ պետք է անեինք, պետք է ենթարկվեի՞նք:

— Զավթիչների դեմ պարտավոր ես պայքարել:

— Ինչպե՞ս ես պայքարում: Ստեղծում ես պայքարելու համար ինքնակազմակերպման մարմինները՝ ջոկատներ, շտաբներ, եթե չկա հնարավորություն դա ստեղծել բաց, հրապարակային, ապա ստեղծում ես փակ, գաղտնի և այլ ճանապարհներով՝ կախված իրադրությունից: Բայց դա քո քաղաքացիական պարտականությունն է՝ պաշտպանել քո երկրի օրենսդրությունը, Սահմանադրությունը ապօրինի զավթումներից, և այն բոլոր մարդիկ, որոնք համարում են, որ այսօր Հայաստանում իշխանական մարմինը հերթական անգամ ձևավորվել է շինծու ընտրությունների միջոցով, ոչ ազատ և արդար ընտրություններով, ապա իր վրա պարտականություն է վերցնում կոնկրետ գործողություններ անել այդ ապօրինի իշխանության դեմ:

Զրուցել է Դերենիկ Մալխասյանը

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ: