Տեր-Պետրոսյանն ասաց, որ չի ների ինձ. Այազ Մութալիբով

Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում որոշ մանրամասներ է բացահայտել 90-ականների լարված օրերի, «Կոլցո» օպերացիայի, ինչպես նաև դրանից առաջ ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի հետ իր դռնփակ բանակցությունների մասին: 

Այազ Մութալիբովը խոստովանել է, որ Ղարաբաղի հարցում Գորբաչովից որոշ զիջումներ կորզելու, մասնավորապես, տասնյակ հայաշատ բնակավայրեր հայաթափելու համար խաղաթուղթ է դարձրել Ադրբեջանում անցկացված հանրաքվեն՝ ԽՍՀՄ կազմում մնալու վերաբերյալ: Հիշեցնենք, 1990թ. վերջին Գորբաչովի նախաձեռնությամբ որոշվեց համամիութենական հանրաքվե անցկացնել, ինչին, սակայն, մի շարք հանրապետություններ չենթարկվեցին, այդ թվում՝ Հայաստանն ու Վրաստանը: Ադրբեջանը, մինչդեռ, ոչ միայն անցկացրեց հանրաքվեն, այլև դեմ արտահայտվեց սեփական անկախությանը ձայների ավելի քան 90 տոկոսով:

«Ես գիտեի, որ այդ հանրաքվեն որևէ կարևորություն իրենից չի ներկայացնում, միևնույն է, Խորհրդային Միությունը փլուզվում էր, և գործընթացը գնալու էր մինչև վերջ: Ուղղակի պետք էր օգտվել այդ հնարավորությունից, և ես հանրաքվեից մեկ օր անց ցույց տվեցի արդյունքները Գորբաչովին՝ ասելով՝ «տե’ս, ադրբեջանի ժողովուրդը արդարացիորեն վիրավորված է քեզնից, այդուամենայնիվ, քվեարկել է ԽՍՀՄ պահպանման օգտին»: Ասացի, որ այս փաստաթուղթը որոշակի գին ունի: Գորբաչովը հարցրեց՝ ո՞րն է այդ գինը, և ես պատասխանեցի՝ Ձեր կողմից կարգադրություն կա, որը չի իրագործվում, մաքրե՛ք Ղարաբաղը զինյալներից»,- պատմել է Մութալիբովը: 

Հենց այս խոսակցությունից շաբաթներ անց, ըստ Մութալիբովի, Գորբաչովը հավանություն է տվել, որ Ադրբեջանում տեղակայված զինվորական ստորաբաժանումները` հատուկ ջոկատայինների հետ, տանկերով ու զրահատեխնիկայով օղակի մեջ առնեն երկու տասնյակից ավելի հայկական գյուղեր: Անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով իրականացված գործողությունը, հիշեցնենք, ավարտվեց հազարավոր հայերի բռնի տեղահանմամբ ու զոհերով:

«Իրականում Ղարաբաղի զինաթափման ու անձնագրային ռեժիմ մտցնելու մասին որոշումը գոյություն ուներ վաղուց, սակայն միայն թղթի վրա: Սա ես առաջին անգամ եմ ասում»,- խոստովանել է Այազ Մութալիբովը և հավելել, որ հայերի համար խիստ վտանգավոր այս կարգադրությունը թղթի վրա էր մնացել՝ ամերիկահայերի գործադրած ջանքերի շնորհիվ:

«1991թ. ես զրուցեցի ամերիկացի նախկին հետախույզների հետ, որոնք հետևում էին Բաքվում տիրող իրավիճակին, խնդրեցի, որպեսզի նրանք ինձ փոխանցեն մի նամակի պատճեն: Այդ նամակը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ ավագին էին հասցեագրել 40 հայամետ կոնգրեսականներ՝ կոչ անելով, որպեսզի նա ճնշում գործադրի Գորբաչովի վրա և թույլ չտա կյանքի կոչել այդ կարգադրությունը»,- ասել է Ադրբեջանի նախկին նախագահը:

Չնայած այդ ճնշումներին, ըստ Մութալիբովի, Ադրբեջանում անցկացված հանրաքվեից հետո պաշտոնական Բաքուն կարողացել է կոտրել Գորբաչովի դիմակայությունը և զորք մտցնել հայաշատ բնակավայրեր:

«Նրանք մաքրեցին 24 գյուղ ավազակներից: Տեր-Պետրոսյանը շատ էր տխրել, ասաց, որ չի ների ինձ դրա համար, և ես այդ ժամանակ հասկացա, որ նրանք՝ հայերը վրեժխնդիր են լինելու»,- ասել է Մութալիբովը: 

Ըստ Մութալիբովի, սրան հետևել են մի շարք իրադարձություններ, այդ թվում ՝ 1991թ. նոյեմբերին Բերդաշենի մերձակայքում ադրբեջանական ուղղաթիռի կործանումը, որի արդյունքում զոհվեցին Մութալիբովի մերձավոր աջակիցները, ինչպես նաև Խոջալուի դեպքերը:

«Անընդունելի էր իմ հրաժարականը կապել Խոջալուի հետ, դա շատ ազդեց ինձ վրա, ես չէի սպասում, որ ինձ կմեղադրեն ցեղասպանության մեջ, այդ պնդումները տարածվեցին ամենուր և վերածվեցին հսկայական արգելապատնեշի, որը հաղթահարել ես չկարողացա»,- ասել է Ադրբեջանի առաջին նախագահը:

Azatutyun.am