Մարդկային զարգացման մակարդակով Հայաստանն աշխարհում 87-րդն է. ՄԱԿ

Հայաստանը ՄԱԿ-ի Զարգացման գործակալության (UNDP) «Մարդկային զարգացման ինդեքս 2013» զեկույցում զբաղեցնում է 87-րդ տեղը 187 երկրների շարքում: Անցած տարվա համեմատ Հայաստանը դիրքերը զիջել է մեկ կետով: Վարկանիշում նա զբաղեցնում է ամենացածր դիրքը հարևան երկրների շարքում՝ բացառությամբ Թուրքիայի:

Աշխարհում մարդկային զարգացման ամենաբարձր մակարդակը, ըստ ՄԱԿ-ի, ունեն Նորվեգիան, Ավստրալիան, ԱՄՆ-ը, Նիդեռլանդները և Գերմանիան:

«Մարդկային զարգացման ինդեքս» ամենամյա զեկույցը տվյալներ է պարունակում տարբեր երկրների բնակչության կենսամակարդակի և սոցիալական պաշտպանվածության, առողջության ցուցանիշների, կրթության և մշակութային զարգացման, հանցավորության, շրջակա միջավայրի պահպանության և որոշումների կայացմանը մարդկանց մասնակցության վերաբերյալ: Համապարփակ այս վիճակագրությունում երկրները բաշխվում են ըստ մարդկային զարգացման մակարդակը բնութագրող 4 ընդհանուր խմբի՝ խիստ բարձր, բարձր, ցածր և միջին:

«Հարավի աճը. մարդկային առաջընթացը բազմազան աշխարհում» խորագրով զեկույցի առաջատարը Նորվեգիան է, որին հաջորդում է Ավստրալիան, ապա՝ ԱՄՆ-ը: Լավագույն տասնյակում են նաև Նիդեռլանդները, Գերմանիան, Նոր Զելանդիան, Շվեդիան, Իռլանդիան, Շվեյցարիան և Ճապոնիան:

Զեկույցի համաձայն՝ Բելառուսը, Ռուսաստանն ու Ղազախստանը զբաղեցնում են 50-րդ, 55-րդ և 69-րդ տեղերը` համապատասխանաբար: Այս կատեգորիայում են նաև Վրաստանը, Իրանը, Ուկրաինան, Ադրբեջանը և Հայաստանը, որոնք գտնվում են 72-րդ, 76-րդ, 78-րդ, 82-րդ և 87-րդ հորիզոնականներում:  Ի դեպ՝ Վրաստանը նախորդ տարվա համեմատ իր դիրքերը բարելավել է 3 կետով:

Վարկանիշը եզրափակում են Նիգերը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Մոզամբիկը, Չադը և Բուրկինա Ֆասոն: Այս խմբում ընդգրկված է 44 երկիր:

2013թ. զեկույցում ուշադրություն է դարձվում Հարավի երկրներում զարգացման աննախադեպ տեմպերին: Հեղինակները, մասնավորապես, ընդգծում են տնտեսական վերելքը Չինաստանում և Հնդկաստանում: Այսօր այս երկրները գտնվում են միջին կենսամակարդակ ունեցող երկրների ցանկում:

UNDP-ն 1990-ից ի վեր ամեն տարի հրապարակում է զեկույցներ մարդկային զարգացման մասին: Զեկույցը մշակվում է միջազգային անկախ փորձագետների կողմից, որոնք իրենց աշխատանքում վերլուծական տվյալների հետ մեկտեղ օգտագործում են տարբեր միջազգային միջկառավարական կազմակերպությունների վիճակագրական տվյալները:

Փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ-ը շարունակում է մնալ աշխարհի խոշորագույն տնտեսությունը և մոտ ապագայում կպահպանի այդ դիրքերը: Փորձագետները կարծում են, որ եթե ամերիկյան տնտեսության զարգացումն արգելակվի, Եվրոպային դժվար կլինի հաղթահարել ներկայիս տնտեսական և սոցիալական խնդիրները, ինչը երկարաժամկետ հեռանկարում բացասական հետևանքներ կունենա զարգացող աշխարհի համար: