Հայաստանը վճռական է շարունակելու եվրոպական ինտեգրումը. Ս. Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին Բելգիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթաժողովին, որտեղ քննարկվել են Եվրոպայի քաղաքական իրավիճակին, ԵՄ ֆինանսատնտեսական հիմնահարցերի կարգավորմանը, ինչպես նաև Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության հեռանկարներին վերաբերող խնդիրներ, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:

Գագաթաժողովում Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններին, հետընտրական զարգացումներին, ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքին, ինչպես նաև Արևելյան գործընկերության շրջանակում փոխգործակցությանն ու առաջիկա անելիքներին: Ելույթում նա վերահաստատել է, որ Հայաստանը վճռական է շարունակելու համապարփակ բարեփոխումների քաղաքական ուղեգիծը, ինչպես նաև եվրոպական ինտեգրումը՝ որպես Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն: Խոսելով Արևելյան գործընկերության որոշ երկրների կողմից եվրոպական արժեքների և գործընկերության նպատակների ոտնահարման դեպքերից՝ Սարգսյանը նշել է, որ անընդունելի է Ադրբեջանի կողմից այդ արժեքներն ընտրողաբար կիրառելը:

Հանրապետության ղեկավարը գագաթաժողովից հետո հանդիպում է ունեցել ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ:

Սերժ Սարգսյանը հանդիպման սկզբում շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում անձամբ Վիլֆրիդ Մարտենսի և ԵԺԿ ամբողջ ընտանիքի աջակցության համար, ինչպես նաև ընտրություններից հետո նրա ջերմ շնորհավորական ուղերձի, դրանում Հայաստանի առաջընթացի մասին տեղ գտած դրական գնահատականների համար:

Կողմերը կարևորել են նաև միջկուսակցական համագործակցության հետագա խորացումը, այդ թվում` միջխորհրդարանական մարմինների շրջանակում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին: