Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետարանի պատվիրակության հետ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ. տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքից:
Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական հանրապետությունների մայրաքաղաքների միջև կապերի հետագա խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը կարևորել է Երևան քաղաքի հետ բազմակողմանի համագործակցությունը՝ այն համարելով օգտակար թե Ստեփանակերտի, թե ամբողջ Արցախի համար, հավելելով, որ կապերի հետագա ընդլայնման ու խորացման համար կան բոլոր անհրաժեշտ հիմքերը:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Երևանի քաղաքապետին` Շուշիի կոմունալ ծառայության տեխնիկական հագեցման և քաղաքի բարեկարգման գործընթացին աջակցելու համար: Երկրի ղեկավարն ընդգծել է Երևանի քաղաքապետարանի կողմից Ստեփանակերտի կենտրոնում Ազատամարտիկների այգու հիմնադրման նախաձեռնության կարեւոր նշանակությունը՝ թե քաղաքական, թե բարոյահոգեբանական տեսանկյունից:
Հանդիպմանը ներկա էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, «Արցախի ազատամարտիկների միության» նախագահ Սամվել Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք: