Ամեն ինչ անելու ենք, որպեսզի գտնվի լուծում. Հ.Աբրահամյան

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ առանձնազրույցից հետո պատասխանեց լրագրողների հարցերին՝ նշելով. «Մենք էլ ենք մտահոգված և ցանկանում ենք, որպեսզի հարցերին լուծում տրվի: Ես լսել եմ պարոն Հովհաննիսյանի մտահոգությունները, իհարկե, մամուլից լսել էի, բայց նպատակահարմար գտա, որ անմիջապես իրենից լսեմ, և անպայման դրանք կփոխանցեմ երկրի նախագահին: Ես յուրաքանչյուր ողջամիտ առաջարկ նորմալ եմ համարում: Երկրորդ փուլը նախագահական ընտրությունների խելամիտ առաջարկ չեմ համարում, Ազգային ժողովի արձակելու ձևը չեմ տեսնում, բայց յուրաքանչյուր մարդ իրավունք ունի առաջարկ ներկայացնել, այս պարագայում պարոն Հովհաննիսյանը ևս ունի, քանի որ ունի 539 հազար ստացած ձայներ, ժողովուրդը քվե է տվել, մենք հարգում ենք այդ քաղաքացիների տված քվեն, և ամեն ինչ անելու ենք, որպեսզի գտնվի լուծում»,- ասաց նա:

Անդրադառնալով՝ «միայն իմ դիակի վրայով Սերժ Սարգսյանը» կերդվի խոսքին՝ Հովիկ Աբրահամյանը դա համարեց «վերջնագիր, որը քաղաքական կատեգորիա չէ»:

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ միայն հիմա է այցելել Րաֆֆի Հովհաննիսյանին, քանի որ սպասում էր ՍԴ-ի որոշմանը: Նրա գնահատմամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժումը, հացադուլը «ոչ մի բան չի տալու մեր պետությանը, այլ ավելի թուլացնելու է»: «Ես համոզված եմ, որ պարոն Հովհաննիսյանը շատ հայրենասեր քաղաքացի է, և ամեն ինչ անում է, որպեսզի հաշտությամբ լուծվի այս բանավեճը, և մենք էլ գնալու ենք ընդառաջ»,- ասաց Աբրահամյանը:

Լուծումը գտնելը, ըստ նրա, միակողմանի չէ, հարկ է գտնել փոխզիջումային տարբերակ, «Մենք պատրաստ ենք գնալ փոխզիջումների, իսկ ամենագլխավորը համբերությունն է»:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը Ազատության հրապարակ եկավ ուշ երեկոյան՝ գրեթե ժամը 23:00-ին: Նրան հանդիպեցին «Ժառանգություն» կուսակցության անդամներ Ռուբեն Հակոբյանը, Արմեն Մարտիրոսյանն ու Հովսեփ Խուրշուդյանը, ապա վրանից դուրս եկավ նաև Րաֆֆի Հովհաննիսյանը: Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց Րաֆֆի Հովհաննիսյանի առողջությամբ, վերջինս պատասխանեց, որ լավ է զգում իրեն և առաջարկեց զրուցել վրանում, ԱԺ նախագահը համաձայնեց, և նրանք միասին մտան վրան՝ հավաքվածների «Րաֆֆի, նախագահ» վանկարկումների ներքո:

Մեկնաբանել