Լևոն Արոնյանն առաջին հաղթանակն է տանում հավակնորդների մրցաշարում

Լոնդոնում ընթացող աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 2-րդ տուրում ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով գերազանց հաղթանակ տարավ իսրայելցի Բորիս Գելֆանդի նկատմամբ և վաստակած 1.5 միավորով կլինի մրցաշարային աղյուսակը գլխավորողների թվում:

Մինչև 25-րդ քայլը խաղատախտակի վրա հավասար պայքար էր ընթանում, սակայն ի վերջո Գելֆանդն ընկավ Արոնյանի պատրաստած «ծուղակը»: 25-րդ քայլից հետո մնում էր, որ Լևոնը կոպիտ սխալ թույլ չտա և առաջին հաղթանակը տանի, ինչն առանց դժվարության կատարեց Հայաստանի ուժեղագույն շախմատիստը:

Աշխարհի ուժեղագույն շախմատիստ նորվեգացի Մագնուս Կարլսենը 2-րդ տուրում սպիտակներով ոչ-ոքի խաղաց ռուս Վլադիմիր Կրամնիկի հետ: Թեյմուր Ռաջաբով – Վասիլի Իվանչուկ, Ալեքսանդր Գրիշչուկ – Պյոտր Սվիդլեր պարտիաները դեռ չեն ավարտվել: Նշենք, որ ադրբեջանցի գրոսմայստերը 18-րդ քայլից հետո զգալի առավելություն ունի Իվանչուկի նկատմամբ, իսկ մյուս պարտիայում հավասար դիրք է:

Մեկնաբանել