Չինաստանը փակում է «ջրի ծորակները» դեպի հարևան երկրներ

Սահմանը հատող ջրահոսքերի օգտագործման շուրջ վեճերը լուրջ խնդիր են աշխարհի տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝ Հայաստանի հարևան Թուրքիայում, որն իր տարածքից սկիզբ առնող գետերի վրա միակողմանիորեն հիդրոէներգետիկ նախագծեր է իրականաց(րել)նում: Միջազգային գետերի օգտագործման խնդիրը սուր արտահայտված է նաև Չինաստանի՝ հարևանների հետ ունեցած հարաբերություններում: Շուրջ 1,5 միլիարդ բնակչություն ունեցող Չինաստանը իր տարածքի ջրերն օգտագործում է միակողմանիորեն՝ առանց հաշվի առնելու ներքին հոսանքի երկրների, այդ թվում՝ 1 միլիարդից ավելի բնակչություն ունեցող Հնդկաստանի շահերը: Խնդրի վերաբերյալ Project Sydicate կայքում հոդված է հրապարակել Նյու Դելիի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի պրոֆեսոր Բրահմա Չելանին (Brahma Chellaney), որը այդ թեմայով հրապարակված «Ջուր. Ասիայի նոր մարտադաշտը» գրքի հեղինակն է:

Չինաստանի կառավարությունը երկրի տարածքից դեպի այլ երկրներ հոսող գետերի վրա նոր խոշոր ամբարտակներ կառուցելու պլաններ է ներկայացրել՝ կարծես ապացուցելով, որ Ասիայի ամենամեծ մարտահրավերը ավելի ու ավելի հաստատակամ դարձող Չինաստանին դիմագրավելն է: Չինաստանի Պետական խորհրդի՝ ստորին հոսանքի երկրների մտահոգություններն արհամարհելու և միակողմանիորեն գործելու որոշումը ցույց է տալիս, որ Ասիայի հիմնական խնդիրը ոչ թե Չինաստանի վերելքին հարմարվելն է, այլ նրա առաջնորդներին համոզելը հարևան երկրների հետ հարաբերությունները ինստիտուցիոնալիզացնելու:

Չինաստանը Ասիայի աշխարհագրական կենտրոնում է և ծովային ու ցամաքային սահմաններ ունի 20 երկրների հետ, ուստի առանց Չինաստանի մասնակցության՝ անհնար է օրենքի վրա հիմնված ռեգիոնալ կարգուկանոն հաստատել: Իսկ ինչպե՞ս կարելի է Չինաստանին ներգրավել դրանում:

Այս խնդիրն առավել վտանգավոր է Ասիայի սահման հատող գետերի շուրջ, որտեղ Չինաստանը ջրային պաշարների նկատմամբ գերիշխող դիրք է զբաղեցրել (նմանօրինակ գերիշխանություն այլ աշխարհամասերում չկա)՝ բռնակցելով միջազգային խոշոր գետերի վերին հոսանքի շրջանները՝ Տիբեթի բարձրավանդակը և Սինցզյանը, և աշխատանքներ է տանում սահման հատող ջրահոսքերը խոտորելով ամբարտակների, ջրամբարների, արհեստական լճերի, ոռոգման համակարգերի և այլ կառույցների միջոցով: Չինաստանը, որտեղից շատ ավելի սահման հատող գետեր են սկիզբ առնում, քան որևէ այլ երկրից, իր՝ ամբարտակներ կառուցելու ծրագրի ուշադրությունը ամբարտակներով հագեցած ներքին գետերից տեղափոխել է միջազգային գետերի վրա, այն դեպքում, երբ նա արդեն իսկ ավելի շատ խոշոր ամբարտակներ ունի, քան մնացած ամբողջ աշխարհը:

Չինաստանի ամբարտակների մեծ մասը բազմաֆունկցիոնալ է. արտադրում է էլեկտրաէներգիա և բավարարում արտադրության, հանքարդյունաբերության, ոռոգման և քաղաքային ջրամատակարարման պահանջները: Իր ամբարտակների թիվը մեծացնելով՝ Չինաստանն այսօր ոչ միայն կարող է պարծենալ իր գերխոշոր ամբարտակների թվով, այլև նրանով, որ այսօր նա հիդրոէներգիայի արտադրությունում աշխարհի առաջատարն է և ունի 230 գիգավատտ հզորություն:

Պետական խորհուրդը, նպատակ ունենալով ավելի մեծացնել երկրի հէկերի՝ առանց այն էլ մեծ արտադրական հզորությունները հավելյալ 120 գիգավատտով, ծրագրում է ևս 54 ամբարտակ կառուցել՝ բացի նրանցից, որ արդեն գտնվում են կառուցման փուլում՝ որպես «կարևորագույն շինարարական նախագծեր» էներգետիկ հատվածի մինչև 2015թ. վերանայված պլանի համաձայն: Ամբարտակների մեծ մասի կառուցումը նախատեսված է երկրի՝ կենսաբազմազանությամբ հարուստ հարավ-արևմուտքում և սպառնալիք է բնական էկոհամակարգերի և տեղաբնիկ ժողովուրդների մշակույթի համար:

2006թ. «Երեք կիրճերի» ամբարտակների (խոշորագույնն աշխարհում) շինարարության ավարտով պայմանավորված բնապահպանական լուրջ հետևանքներից հետո ամբարտակների կառուցման ծրագրի դանդաղումից հետո Չինաստանն այսօր շտապում է կառուցել հսկայական ամբարտակների նոր սերունդ: Այն ժամանակ, երբ ամբարտակների շինարարությունը հիմնականում դադարեցվել է Արևմուտքում և ավելի ու ավելի մեծ դիմադրության է արժանանում ժողովրդավարական այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ճապոնիան և Հնդկաստանը, Չինաստանը կմնա որպես մեգաամբարտակների նախագծերի համաշխարհային կորիզը:

Նման նախագծերն ընդգծում են զրոյական գումարի [խաղերում, որտեղ շահած և պարտված գումարի հանրագումարը զրո է] մենթալիտետը, որը, դատելով ամենից, բնութագրում է Չինաստանի ջրային ռազմավարության հաշվարկները: Իր՝ էթնիկական փոքրամասնություններով բնակեցված մերձսահմանային տարածքներում մեգաամբարտակների ծրագրեր սկսելով՝ Չինաստանը ձգտում է տիրանալ այդ գետերի ջրերին, մինչև դրանք կհատեն սահմանը:

Ասիան, որը բնակչության մեկ շնչին ընկնող քաղցրահամ ջրի ցուցանիշով ամենացամաք աշխարհամասն է, ջրային տագնապները հաղթահարելու նորմատիվային համակարգի, ինչպես նաև արագ տնտեսական աճ և էկոլոգիական կայունություն ապահովելու կարիք ունի: Այդուհանդերձ, Չինաստանը շարունակում է մնալ դրա խոչընդոտը՝ հրաժարվելով որևէ հարևանի հետ ջրերի բաժանման շուրը որևէ համաձայնագրից և առանձնապես մեծ աջակցություն չցուցաբերելով ռեգիոնալ մակարդակով իրավանորմատիվային կարգավորման բազայի ստեղծմանը, քանի որ ցանկանում է պահպանել իր ռազմավարական վերահսկողությունը միջազգային ջրահոսքերի վրա:

Նոր հաստատված բազմաթիվ ամբարտակներից հինգը կառուցվելու է Սալուին, երեքը՝ Բրահմապուտրա և երկուսը՝ Մեկոնգ գետերի վրա: Չինաստանն արդեն իսկ վեց մեգաամբարտակ է կառուցել Մեկոնգի վրա, որը Հարավարևելյան Ասիայի մայրցամաքային հատվածի կենսական երակն է, որոնցից մեկը վերջերս կառուցված 254 մ բարձրությամբ Նուոժադու ամբարտակն է, որի հետևում հսկայական ջրամբարում 22 միլիարդ խորանարդ մետր ջուր է ամբարված: Ամբարտակաշինության ներկայիս պլանները լուրջ վտանգ են Սալուին գետի Մեծ կանյոնի (որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է համաշխարհային ժառանգության վայր) և կուսական, էկոլոգիապես զգայուն գոտիների համար, որոնցով անցնում են Բրահմապուտրա և Մեկոնգ գետերը:

Միջազգային այս երեք գետերը սկիզբ են առնում Տիբեթի բարձրավանդակում, որի առատ ջրային պաշարները չինացի պլանավորողների համար մագնիս են դարձել: Սալուինը, որը սկիզբ է առնում Տիբեթից և Յունան նահանգով անցնում է դեպի Բիրմա և Թաիլանդ, կդադարի լինել Ասիայի վերջին անխոտոր խոշոր գետը, երբ շուտով նրա վրա սկսվեն առաջին՝ Տիբեթում 4200 մեգավատտ հզորությամբ Սոնգթա ամբարտակի շինաշխատանքները:

Պետական խորհրդի որոշումը չեղյալ է դարձնում Սալուինի վրայի ամբարտակի կառուցման արգելքը, որի մասին հայտարարել էր վարչապետ Վեն Ձիաբաոն 2004թ., այն բանից հետո, երբ աղմուկ էր բարձրացել ազգային արգելոցներում մի քանի մեգանախագծեր սկսելու դեմ, որոնք սահմանակցում են համաշխարհային ժառանգության վայրերին՝ շրջանի հրաշագեղ կանյոնին, որի միջով զուգահեռ հոսում են Սալուին, Մեկոնգ և Ջինշա գետերը: Այդ դադարեցման չեղյալ համարումը շաբլոն քայլ էր, որ ավելի վաղ ևս արվել էր, օրինակ՝ Յանցզիի դեպքում. Չինաստանը զանգվածային բողոքներից հետո ժամանակավորապես դադարեցնում է վիճահարույց պլանի իրագործումը, սակայն միայն այն բանի համար, որպեսզի ժամանակ շահի, և հենց հասարակական դժգոհության ալիքը թուլանում է, հին պլանը հարություն է առնում:

Միևնույն ժամանակ, Չինաստանի հայտարարությունը՝ Բրահմապուտրայի վրա երեք խոշոր ամբարտակների նախագծերի մասին, որը հյուսիսարևելյան Հնդկաստանով և Բանգլադեշով հոսող հիմնական գետն է, հարուցել է Հնդկաստանի պատասխան ռեակցիան, որը Չինաստանին խորհուրդ է տվել «ապահովել ներքին հոսանքի պետությունների շահերի անձեռնմխելիությունը» վերին հոսանքում աշխատանքներ կատարելիս: Ջուրը բաժանման նոր պատճառ է դարձել չին-հնդկական հարաբերություններում:

Երկրի հարավ-արևմուտքում ամբարտակներ կառուցելու Չինաստանի ուշադրության կենտրոնացումը անվտանգության լուրջ մտահոգություններ է առաջ բերում: Իսկապես, չինացի գիտնականները 2008թ.՝ 87 000 կյանք խլած Տիբեթի բարձրավանդակը ցնցած երկրաշարժի պատճառ համարեցին Զիփինգփու ամբարտակը, որը տեղակայված է սեյսմիկ գոտու մոտ: Հայտարարվեց, որ ջրամբարտակում հավաքված ջրի քաշը հանգեցրել է տեկտոնական լարվածության (որ գիտնականներն անվանում են սեյսմիկություն), ինչը կապված է ջրամբարը լցնելու հետ:

Ավելի շատ ամբարտակներ կառուցելու Չինաստանի ձգտումը շարունակելու է Ասիայում հարաբերությունների ջուրը պղտորել՝ նպաստելով ջրօգտագործման շուրջ մրցակցության սրացմանը և խոչընդոտելով տարածաշրջանային համագործացկության և ինտեգրացիայի առանց այդ էլ թույլ առաջընթացը: Եթե Չինաստանը շարունակի ներկայի իր անխոհեմ կուրսը, Ասիայում կանոններ հաստատելու հեռանկարները առհավետ կարող են անհետանալ:

Մեկնաբանել