ՄԱԿ-ի անդամ երկրները ստորագրել են կանանց բռնություններից պաշտպանելու վերաբերյալ հռչակագիրը

ՄԱԿ-ի անդամ երկրները, այդ թվում` պահպանողական կաթոլիկ և մահմեդական երկրների ներկայացուցիչները, երկարատև բանակցություններից հետո համաձայնեցրել են կանանց բռնություններից պաշտպանելու վերաբերյալ հռչակագիրը, հաղորդում է Associated Press-ը:

Ընդունված փաստաթղթի համաձայն` բոլոր երկրներին պետք է ձեռնպահ մնան իրենց ավանդույթներին, սովորույթներին և կրոնական սկզբունքներին հղում կատարելուց` կանանց նկատմամբ բռնություններն արդարացնելու համար: Միաժամանակ հռչակագիրը պաշտպանում է  սեռերի հավասարության սկզբունքը, ինչպես նաև ՄԱԿ-ի անդամ երկրներին կոչ է անում դպրոցներում խթանել երեխաների սեռական դաստիրակությունը, բռնության զոհերի համար օգնության համակարգ ստեղծել և խստորեն պատժել գենդերային նկատառումներով  կատարված հանցագործությունները: Հռչակագրի 17-էջանոց նախագիծը երկու շաբաթ շարունակ քննարկվել է ՄԱԿ՞ի անդամ երկրների կողմից, ինչի արդյունքում փաստաթուղթը ստորագրել են անդամ բոլոր 193 պետությունների ներկայացուցիչները:

Հռչակագրին դեմ են արտահայտվել  Եգիպտոսը, Լիբիան, Սուդանը, Իրանը, ինչպես նաև Վատիկանն ու Ռուսաստանը: Նրանք պահանջել են մեղմացնել  որոշ ձևակերպումներ, օրինակ` աբորտների արգելման հետ կապված: ՄԱԿ-ի կանանց հարցերով հանձնաժողովի ղեկավար Միշել Բաչելետը ընդունված հռչակագիրը պատմական իրադարձություն է համարել: Մինչ այդ` 2003թ., հռչակագիրը համաձայնեցնելու փորձերը հաջողություն չէին գրանցել: