Ճարտարապետության բնագավառում աշխարհի ամենահեղինակավոր՝ Պրիտցկերյան մրցանակին արժանացել է 71-ամյա ճապոնացի ճարտարապետ Տոյո Իտոն, հաղորդում է AFP-ն:
Մրցույթի ժյուրիի նախագահ Փիթեր Պալումբոն նշել է, որ Իտոյի բոլոր նշանակալի ճարտարապետական աշխատանքներում նկատվում են «հայեցակարգային նորարարություններ»:
«Նա բացառիկ տաղանդով օժտված պրոֆեսիոնալ է»,- ասել է Պալումբոն:
Իտոն դարձել է Ծագող արևի երկրի վեցերորդ ներկայացուցիչը, որն արժանացել է Պրիտցկերյան մրցանակի: Տոյո Իտոն ստացել է բազմաթիվ միջազգային մրցանակներ, այդ թվում՝ Բրիտանացի ճարտարապետների թագավորական ինստիտուտի մրցանակը:
Իտոն նախագծել է գրեթե բոլոր տեսակների կառույցներ՝ բնակելի շենքեր, գրադարաններ, թատրոններ, խանութներ, գրասենյակներ և այլն:
2012թ. Պրիտցկերյան մրցանակի դափնեկիր է դարձել չինացի ճարտարապետ Վան Շուն: Տարբեր ժամանակներում այս մրցանակը շնոհվել է նաև Ֆրենկ Հերիին, Տադաո Անդոյին, Օսկար Նիմեյերին, Ռենցո Պյանոյին, Ռեմ Կոլհասին, Էդուարդ Սոութ դե Մոուրային և ուրիշներին:
Պրիտցկերյան մրցանակը ճարտարապետության բնագավառում շնորհվող ամենամյա մրցանակ է, որը համարվում է Նոբելյանի համարժեքը: Ճարտարապետության բնագավառում Նոբելյան մրցանակ գոյություն չունի, ինչն էլ դրդել է Պրիտցկեր ընտանիքին (ամբողջ աշխարհում Hyatt հյուրանոցային ցանցի սեփականատերեր) 1979թ. հիմնել ճարտարապետական մրցանակ, որը համարժեք է 100 հազ. դոլարի: