Որոշ բուհերի ուսխորհուրդները քաղաքականացված են. օմբուդսմեն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է 2012թ. տարեկան զեկույցի` կրթության և գիտության նախարարության ոլորտում մարդու իրավունքների վիճակի մասին հատվածը։

Կրթության և գիտության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները.

  • Բազմաթիվ են եղել հանրակրթական, միջին մասնագիտական և հատկապես բարձրագույն ուսումնական համակարգում առկա կոռուպցիոն դրսևորումները:
  • Արդյունավետ և բավարար քայլեր չեն ձեռնարկվել հանրակրթական ուսումնական հաստատությունների հիմնանորոգման և ջեռուցման բարելավման համար:
  • Առանձին դեպքերում Նախարարության կողմից ըստ էության քննության չեն առնվել նախարարության աշխատանքներում թերացումների վերաբերյալ քաղաքացիների դժգոհությունները, դիմում-բողոքները, մամուլում հրապարակված տեղեկությունները:
  • Լուրջ մտահոգության տեղիք է տալիս, որ որոշ բուհերում գործող ուսանողական խորհուրդները քաղաքականացված են, ինչը ծայրահեղ բացասական ազդեցություն է ունենում ուսանողների շահերի վրա:
  • Առկա են բազում չլուծված խնդիրներ` հանրակրթական բոլոր դպրոցներում համընդհանուր ներառական կրթական համակարգի ներդրման առնչությամբ:
  • Շարունակում է չլուծված մնալ ուսումնական տարվա սկզբին հանրակրթական դպրոցների դասագրքերի մրցույթների կազմակերպման ու անցկացման պատշաճ ապահովման խնդիրը:
  • Խիստ մտահոգիչ է, որ ՀՀ կառավարության թիվ 554-Ն որոշմամբ 2012/2013 ուսումնական տարվա համար չեն նախատեսվել պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ուսումնառության տեղեր մի շարք կրթական հաստատություններում, այդ թվում նաև` Երևանի պետական համալսարանի «իրավագիտություն» և «միջազգային հարաբերություններ» մասնագիտությունների գծով:
  • Առկա է անհամապատասխանություն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի թիվ 597 որոշման և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների միջև:
  • Դեռևս իր լուծումը չի ստացել գիտական աստիճան ունեցող անձանց աշխատավարձի հավելավճարի տրամադրման հարցը:

Արձանագրված դրական զարգացումները

  • ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի նիստի N 52 արձանագրային որոշմամբ հաստատվել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հայեցակարգը, ինչի արդյունքում հանրապետության տարածքում գործող շուրջ 700 դպրոցի տարրական դասարանների աշակերտներ ապահովվել են սննդով:
  • ՀՀ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է Նախարարության նախաձեռնությամբ մշակված «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
  • Այսօր Հայաստանի Հանրապետությունում գործում է 98 հանրակրթական դպրոց, որոնք իրականացնում են ներառական կրթություն:
  • ՀՀ կրթության և գիտության նախարարի` 21.11.2012թ N 1061-Ա/Ք հրամանով հաստատվել է «Հանրակրթական, այդ թվում` նախադպրոցական, ուսումնական հաստատություններում օգտագործվող ձեռնարկների փորձաքննության և գործածության երաշխավորման կարգը», որն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն` գրանցման:

Մեկնաբանել