85-րդ «Օսկարի» կազմակերպիչները պաշտպանել են հաղորդավար Սեթ Մաքֆարլեյնին

«Օսկարի» 85-րդ մրցանակաբաշխության պրոդյուսերներ Նիլ Մերոնն ու Քրեյգ Զադանն արձագանքել են միջոցառման հաղորդավար, դերասան և սցենարիստ Սեթ Մաքֆարլեյնի հասցեին հնչած քննադատությանը:

«Շատ գոհ ենք Սեթի հրաշալի աշխատանքից, նա արել է հենց այն, ինչ ցանկանում էինք տեսնել, – ասել է Մերոնը: – Նա պարզապես մեկնաբանել է այն, ինչ տեղի է ունենում մշակույթի հետ: Հանրությունը դժգոհ էր, որ «Օսկարը» կորցրել է արդիականությունը, և մեզ, կարծում եմ, հաջողվեց այն դարձնել մշակութային երկխոսության մաս»:

Hollywood Reporter ամսագրի հաղորդմամբ՝ հանդիսատեսի դժգոհության պատճառ է դարձել Մաքֆարլեյնի կատարած Boobs Song երգը: «Կոմպոզիցիան ամենևին հիշատակված դերասանուհիների մասին չէր, այլ «վատ» հաղորդավար Մաքֆարլեյնի և նրա պատանեկության մասին, – ասել է Զադանը: – Բողոքողները պարզապես չեն հասկացել կատակը: Դա երգիծանք էր»:

Ավելի վաղ Սեթ Մաքֆարլեյնը խոստացել է այլևս երբեք չվարել «Օսկարը»: Twitter-ում պատասխանելով իր երկրպագուներից մեկի՝ ապագայի վերաբերյալ տված հարցին՝ նա գրել է. «Այլևս երբեք»:

Չնայած քննադատությանը՝ Մաքֆարլեյնին այդուհանդերձ հաջողվել է նախորդ տարվա համեմատ բարձրացնել շոուի վարկանիշը 11 տոկոսով: