Galaxy SIV-ը Եվրոպայում կարժենա մոտ €650. լրատվամիջոցներ

Հայտնի է դարձել հարավկորեական Samsung ընկերության` անցած շաբաթ ներկայացրած Galaxy SIV սմարթֆոնի եվրոպական արժեքը, հաղորդում է Cnet-ը:

Իտալական աղբյուրներից մեկի հրապարակած տեղեկության համաձայն` նոր սմարթֆոնն իտալական շուկայում կհայտնվի մայիսին և ոչ պայմանագրային արժեքը կլինի €699: Եվրոպական մյուս երկրներում սարքավորման արժեքը €50-100-ով ավելի մատչելի կլինի: Այս տեղեկությունն արդեն հաստատել է Amazon օնլայն խանութի գերմանական ծառայությունը` սմարթֆոնը գնահատելով €650:

Փորձագետների կարծիքով` ԱՄՆ-ում Galaxy SIV-ը հնարավոր կլինի ավելի մատչելի գնով ձեռք բերել: Նախնական տվյալների համաձայն` 16 Գբ հիշողությամբ տարբերակը կարժենա $579` ի տարբերություն iPhone 5-ի, որն արժե $649:

Հիշեցնենք, որ Samsung-ը 2013թ. մարտի 15-ին Նյու Յորքում պաշտոնապես ներկայացրել էր նոր սերնդի Galaxy S4 սմարթֆոնը: Այն ունի Smart Scroll (օգտագործվում է հայացքի օգնությամբ էջերի թերթման համար) և Smart Pause (երբ օգտագործողը զբաղված է լինում մեկ այլ գործով, տեսանյութն ավտոմատ կանգ է առնում) գործառույթները:

Galaxy S4-ն աշխատում է Android 4.2.2 օպերացիոն համակարգով: Տեղադրված են S Translator թարգմանչի և բժշկական սարքերից տվյալներ հավաքագրող S Health բջջային ծրագրերը: Սմարթֆոնն աշխատում է 4-րդ սերնդի ցանցերի հետ: