Ադրբեջանին խիստ մտահոգել է Երևան-Վան չվերթի բացումը

Երևան-Վան չվերթի բացումն անհանգստացրել է ադրբեջանական կողմին, որը պետական տաբեր մակարդակներով շարունակում է իր մտահոգությունը հայտնել հարցի կապակցությամբ: Չնայած նրան, որ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքուն հավաստիացրել է, թե չվերթի իրականացումը մասնավոր ծրագիր է, և որ Թուրքիայի դիրքորոշումը հայ-ադրբեջանական հարաբերություններում չի փոխվել, այդուհանդերձ, ադրբեջանական կողմը շարունակում է «խանդել» չվերթի իրականացմանը:

Ջոշքուն, հիշեցնելով, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակ է պահում Լեռնային Ղարաբաղի խնդրի պատճառով, հերքել է մամուլում տարածված լուրերը, թե չվերթի իրականացումը ղարաբաղյան հարցում դիրքորոշման փոփոխություն է նշանակում:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի պետ Ալի Հասանովն անցած շաբաթ հայտարարել էր, թե Երևան-Վան չվերթի իրականացմամբ Թուրքիան ուժեղացնում է մի երկրի, որ շարունակում է «օկուպացնել ադրբեջանական հողերը»: Ադրբեջանցի պաշտոնյան ասել է, թե չվերթի իրականացմամբ Թուրքիան աջակցում է թշնամի երկրին:

«Ենի Ադրբեջան» կուսակցության քարտուղար Ալի Ահմեդովն էլ պահանջել է, որ Թուրքիան պարզաբանմամբ հանդես գա չվերթի իրականացման կապակցությամբ:

Երևան-Վան առաջին չվերթը նախատեսված է 2013թ. ապրիլի 23-ին: Թռիչքներն իրականացնելու է թուրքական Borajet ավիաընկերությունը շաբաթական երկու անգամ: Չի բացառվում, որ Ադրբեջանի ճնշումների հետևանքով թռիչքները չեղյալ հայտարարվեն:

Մեկնաբանել