Քարանձավները կփրկվեն ոչնչացումից, եթե շահագործվեն. Քարանձավագետների միության նախագահ

Հայաստանի քարանձավները կփրկվեն ոչնչացումից, եթե շահագործվեն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեցին քարանձավագետներն ու հնագետները՝ անդրադառնալով շահագործման ճանապարհով քարանձավների պահպանման խնդրին:

«Քարանձավները մեր ազգի դեմքն են և չշահագործվելով` ավերվում են: Շահագործում ասածս ամենևին չի նշանակում, որ ինչ- որ մեկը իր կամայական ցանկություններով տնօրինի այդ հուշարձանները: Այդ տարածքները պետք է ձևափոխվեն և բարեկագրվեն, օգտագործվեն տուրիստական, գիտական կամ այլ նպատակով»,- ասաց Քարանձավագետների միության նախագահ Սամվել Շահինյանը՝ հավելելով, որ շահագործողները պիտի գործեն օրենքի շրջանակում:

Հնագետ Բորիս Գասպարյանի խոսքով էլ` քարանձավները նախ պետք է հաշվառել, քանի որ պատկերացում չունենք դրանց քանակական և արժեքային վիճակագրության մասին: «Քայլեր պետք է ձեռնարկվեն, որ հուշարձանները մի կողմից պեղվեն և ուսումնասիրվեն, մյուս կողմից էլ` թանգարանացվեն»,- ասաց նա:

Քարանձավների շահագործման փորձ Հայաստանում կատարել է «Ինկար» ՍՊԸ-ն, սակայն կազմակերպության ներկայացուցիչ Սմբատ Դավթյանի խոսքով` արդեն հինգ տարուց ավելի է՝ իրենք սպասում են Մշակույթի նախարարության հստակ պատասխանին:

Քարանձավագետների միության նախագահն ընդգծեց, որ Հայաստանում շատ հայտնի քարանձավներ արդեն ոչնչացվել են:

«Երկու օր առաջ մենք Մոզրովում էինք, և վստահաբար կարող եմ ասել, որ այդ գեղեցկագույն քարանձավից ոչինչ չի մնացել: Մարդը մտնելով քարանձավ՝ մտածում է ոչ թե վայելելու, այլ ավերելու մասին»,- ասաց Սամվել Շահինյանը՝ նշելով, որ քարանձավները «կոպիտ ասած, պետք է տեր ունենան»: