Ազատության հրապարակում ստվերային կառավարության կազմ չի հրապարակվել. Ն.Փաշինյան

Ազատության հրապարակում ոչ թե կառավարության կազմ է հրապարակվել, այլ բարձրաձայնվել են այն մարդկանց անունները, ում պոտենցիալը, մեր կարծիքով, պետք է ավելի լավ օգտագործել. նշեց ԱԺ «ՀԱԿ» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Երկիր մեդիա» հեռուստատեսության «Երկրի հարցը» հաղորդման հյուրասրահում:

«Քանի որ ժողովուրդն ընտրել է իշխանության առաջին դեմքին, տրամաբանական է, որ առաջին դեմքը պիտի անի որոշակի քայլեր»,- ասաց նա՝ բնական համարելով կառավարության կազմի մասին խոսակցությունները: Այնուամենայնիվ, ըստ նրա, դեռ կառավարության կազմի մասին չի խոսվում: «Խնդիրն այն է, որ մենք փորձում ենք ի մի բերել, հասկանալ, թե արդյոք գործող կառավարությունից բացի Հայաստանում կա բավարար ներուժ, որ որոշակի փոփոխությունների դեպքում պատրաստ է ստանձնել ղեկավարման գործառույթները,- նշեց նա:- Եվ հիմա մեր խնդիրը ցույց տալն է, որ այսօր մեր հասարակության մեջ կան մարդիկ, որ կարող են լինել իրական այլընտրանք իշխանությանը»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ստվերային կառավարության կազմի մասին քննարկումները սպասված են հանրության կողմից, քանի որ հաղթող թեկնածուն պետք է ցույց տա իր ընտրողներին, թե ում հետ է ինքը պատրաստվում առաջ տանել երկիրը:

«Բոլոր ժամանակներում եղել է այս խնդիրը. ընդդիմությունը միշտ ունեցել է իր նախագահի թեկնածուն, ում անունը բոլորն իմացել են: Բայց թե ով է լինելու վարչապետի թեկնածուն, տրանսպորտի ու կապի նախարարը և այլն, չեն իմացել: Իսկ այդ անուններն իմանալը էական է, որ մարդիկ չասեն, թե ով էլ լինի, նույնն է լինելու, ով էլ ընտրվի, ոչինչ չի փոխվելու»,- նշեց նա:

Փաշինյանի կարծիքով՝ շատ վճռորոշ օր է լինելու ապրիլի 9-ը: «Երևանի ավագանու ընտրությունների օրակարգն էլ պարզ կդառնա ապրիլի 9-ից հետո: Ես կխնդրեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չշեղվել ապրիլի 9-ից, քանի որ այդ օրը նա պիտի ցույց տա իր կամզը»,- նշեց նա՝ առաջարկելով Ազատության հրապարակի պրոցեսները չպարփակել միայն այդ հրապարակով, այլ երբեմն տանել Հանրապետության հրապարակ, քաղաքի այլ հատվածներ:

«Հրապարակում էլ մարդիկ հարցնում են, թե ինչքան է շարունակվելու պայքարը հանուն օրինականության: Ես ասում եմ՝ օրինականության համար պայքարը շարունակվելու է այնքան, քանի դեռ չի հաստատվել օրինականություն»,- ասաց նա:

Մեկնաբանել