Րաֆֆին ձեռնոց է նետում Մայր Աթոռին, Վեհափառին

Երևանի Ազատության հրապարակում մարտի 10-ից հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանը, որը համոզված է, որ փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում հենց ինքն է ընտրվել Հայաստանի նախագահի պաշտոնում, անհարմար վիճակ է ստեղծել Հայ առաքելական եկեղեցու՝ Մայր Աթոռի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի համար:

Բացառությամբ Հայաստանի նախագահական առաջին՝ 1991թ. ընտրությունների՝ մյուս բոլոր ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկվել են, և երկրորդը ճանաչված թեկնածուն Սահմանադրական դատարան դիմելու, ժողովրդին փողոցներ ու հրապարակներ դուրս բերելու կամ այլ ճանապարհներով փորձել է հասնել նրան, որ հաղթող հռչակված նախագահը հրաժարական տա, անցկացվի երկրորդ փուլ, և կամ արդյունքները անվավեր ճանաչվեն, ու կազմակերպվեն նոր ընտրություններ: Իշխանությունները, սակայն, չեն գնացել փոխզիջումների, և մի քանի դեպքերում՝ 1996թ. և 2008թ., արձանագրվել են բախումներ, բռնություններ, ձերբակալություններ ու մարդկային զոհեր:

Նախագահական վերջին երկու ընտրություններում ներքաղաքական գործընթացների մեջ ներքաշվել է նաև Հայ առաքելական եկեղեցին՝ Մայր Աթոռը և Ամենայն Հայոց հայրապետ Գարեգին Բ-ն: 2008թ. ընտրություններից հետո, երբ փողոց դուրս եկած ընդդիմության և իշխանությունների միջև բախումը դառնում էր ակնհայտ, Գարեգին Բ Վեհափառը, սպասվող արյունահեղությունը կանխելու ակնկալիքով այցելեց Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատուն, սակայն առաջին նախագահը նրան չընդունեց՝ ակնարկելով, որ Ամենայն Հայոցը սխալ հասցեով է եկել և բռնությունները դադարեցնելու կոչով պետք է գնալ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի մոտ, քանի որ նրանց հրամանով է ուժ գործադրվում անզեն քաղաքացիների նկատմամբ: Տեր-Պետրոսյանի քայլը, լայն հաշվով, այնքան էլ ընկալելի չէր հայ հասարակության համար, քանի որ Ամենայն Հայոցի առաջ իր տան դուռը առաջին նախագահը չէր բացել:

Ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, որը Հայաստանի հասարակության մի հատվածի համար ընդունելի, իսկ մեկ այլ հատվածի համար պարզապես անընդունելի գործիչ է, Րաֆֆի Հովհաննիսյանի անձի նկատմամբ հայ հանրության վերաբերմունքը գերազանցապես դրական է: Հետևաբար՝ մեկ բան է, երբ Տեր-Պետրոսյանն էր քննադատում Ամենայն Հայոցին, բոլորովին այլ բան, երբ Հայ առաքելական եկեղեցուն և նրա գործունեությանն է անդրադառնում Րաֆֆի Հովհաննիսյանը:

Մարտի 10-ի հանրահավաքում Հովհաննիսյանը բառացիորեն հայտարարեց. «Եթե Վեհափառ Հայրապետը պղծի Աստվածաշունչը՝ օրհնելով ժողովրդին հակասող, խեղող, ծաղրող թեկնածուին, դա իրենք կանեն իմ դիակի վրա»: Ինչպես հայտնի է, Հայաստանի նախագահը պաշտոնամուտի արարողության ընթացքում երդում է տալիս՝ ձեռքը դնելով Սահմանադրության մայր օրինակի և յոթերորդ դարի «Վեհամոր Ավետարանի» վրա: Այսպիսով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը մարտահրավեր է նետում Ամենայն Հայոցին՝ երդմնակալության օրը՝ ապրիլի 9-ին, թույլ չտալ «պղծել Վեհամոր Ավետարանը»: Հայաստանի նոր շրջանի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ Մայր Աթոռին նման կոչով դիմում է քաղաքական գործիչը, թեև առաջին անգամը չէ, երբ Վեհամոր Ավետարանի վրա երդում են տվել կասկածելի թվեր «խփած» նախագահներ:

Մայր Աթոռը, ի պատասխան, մարտի 15-ին հաղորդագրություն տարածեց՝ օգտագործելով քաղաքական բառապաշար, և կրկին բացահայտ պաշտպանեց Սերժ Սարգսյանին: Մայր Աթոռի համար, ըստ տարածված հաղորդագրության, Սերժ Սարգսյանի հաղթանակը կասկածից վեր է: «Մեծի պահոց այս շրջանում մեր ժողովրդի զավակներին հրավիրում ենք աղոթքի և կոչ ուղղում առաջնորդվել եղբայրասիրության ու համերաշխության ոգով՝ զերծ մնալով անհանդուրժողականության և ատելության դրսևորումներից: Հորդորում ենք նաև տիար Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը և ընտրել քաղաքական պայքարի առավել կառուցողական միջոցներ: Եկեղեցին չի արդարացնում հացադուլը, քանզի այն աստվածատուր կյանքին սպառնացող գործողություն է»:

Ի պատասխան՝ Հովհաննիսյանը մարտի 15-ի հանրահավաքում հայտարարեց, որ իր ղեկավարած ժողովրդական շարժումը երբեք քաղաքական շահարկման չի դիմել, և կոչ արեց «Տիրամոր Ավետարանը չմտցնել այս քաղաքացիական պայքարի մեջ»:

Հովհաննիսյանը ոչ միայն հայ առաքելական եկեղեցու զավակ է, այլև քաղաքական գործիչ, որը Հայաստանում գերազանցապես դրական ընկալում ունի, իսկ փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում, ըստ պաշտոնական տվյալների, ստացել է շուրջ 540 հազար քվե: Հետևաբար, երբ Մայր Աթոռը բացահայտ անտարբերության է մատնում Հովհաննիսյանի հացադուլն ու Ազատության հրապարակ այցելող տասնյակ հազարավոր հայ առաքելական եկեղեցու զավակների մտահոգությունը, բողոքը, զայրույթը, ցասումը, ապա դրանով առաջին հերթին իր՝ հասարակության մեջ ունեցած դիրքն ու հեղինակությունն է սասանում:

Անշուշտ, եկեղեցին, ըստ գրված ու չգրված օրենքների, պետք է անջատ լինի Հայաստանի ներքին քաղաքականությունից ու քաղաքական գործընթացներից: Իրականում, սակայն, վերջին տարիներին հասարակության ընկալումը Մայր Աթոռի և Ամենայն Հայոց Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի հանդեպ կրել է շոշափելի փոփոխություններ: Եվ դրա պատճառը ոչ այնքան հասարակությունն է, որքան եկեղեցու և հոգևորականության կեցվածքը: Երբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդը իշխող Հանրապետական կուսակցության ձեռնարկների անբաժանելի մասն է կազմում, իսկ Մայր Աթոռը բացահայտ կանգնում է գործող նախագահի կողքին, հասարակության ընկալումը դառնում է տրամաբանական: Երբ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին բացահայտ պաշտպանում է օրվա իշխանություններին, պետք է պատրաստ լինի նաև քննադատություն լսելուն:

Եվ վերջինը՝ Հայաստանում, հայ հասարակության շրջանում ջարդվել է այն տաբուն, թե քաղաքական գործիչները, մտավորականները կամ լրատվամիջոցները չպետք է քննադատեն Հայ Առաքելական եկեղեցուն և Ամենայն Հայոց Հայրապետին:

Մեկնաբանել