Վենեսուելացիների 49%-ը ձայնը կտա նախագահի պաշտոնակատար Մադուրոյին․ հարցում

Հանրային կարծիքի վերջին հարցումները վկայում են, որ Վենեսուելայի բնակչության մոտ կեսը պատրաստվում է ապրիլի 14-ին կայանալիք նախագահական վաղաժամ ընտրություններում քվեարկել երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոյի օգտին, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչեպով վենեսուելական լրատվամիջոցները։

Համաձայն վենեսուելական Datanalisis սոցիոլոգիական ընկերության՝ մարտի 11-13-ը իրականացրած հարցման արդյունքների՝ իր ձայնը Մադուրոյին է պատրաստ տալ ընտրողների 49,2%-ը։ Նրա մրցակից, ընդդիմության թեկնածու Էնրիկե Կապրիլեսի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 34,8%-ը։

Ընդ որում՝ հարցվածների 65%-ը վստահ է, որ վերջին հաշվով կհաղթի իշխող ուժերի թեկնածու Մադուրոն․ Կապրիլեսի հաղթանակին հավատում է հարցվածների միայն 15%-ը։

Փորձագետները նշում են, որ հաճախ ընտրողները Մադուրոյին աջակցություն են հայտնում զգացմունքային պատճառներով՝ կապված նախագահ Ուգո Չավեսի մահվան հետ։

Նշենք, որ 2012թ․ հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններում Կապրիլեսը պարտվել էր Չավեսին՝ ստանալով ավելի քան 44% ձայն։

Վենեսուելայում նախագահական նոր ընտրություններ հայտարարվեցին մարտի 5-ին Չավեսի մահվանից հետո։

Մեկնաբանել