Սոված ասելը վիրավորական չէ, ասել է հյուծված. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Galatv.am-ի հետ զրույցում մեկնաբանել է նախագահ Սերժ Սարգսյանի` մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն արտահայտած որոշ մտքերը: Նա պատասխանել է նաև հարցին, թե արդյոք Հայաստանում կան օլիգարխներ:

«Նայած` օլիգարխ ասելով մենք ինչ ենք հասկանում, եթե օլիգարխ ասելով` մենք հասկանում ենք հին հունական տերմինը, կասկածում եմ, եթե ասում եք Բորիս Նեմցովի առաջարկած տերմինը, 90-ականներինն է: Նայած օլիգարխներ ասելով` ով ինչ է հասկանում: Օլիգարխիան դա գումարների և իշխանության քաղաքական միաձուլումն է, այսինքն` և այդ իմաստով ստանալ ամբողջական իշխանություն: Համենայնդեպս, մեր քաղաքականությունը պետք է լինի հետևյալը, և դրա մասին բազմիցս նախագահը նշել է, որ բիզնեսը պետք է տարանջատվի քաղաքականությունից»,- ասել է Շարմազանովը:

Դիտարկմանը, որ Հայաստանում օլիգարխիան սերտաճած է քաղաքականության հետ, Շարմազանովը պատասխանել է. «Մենք օրենսդրական քայլեր պետք է ձեռնարկենք, որը ձեռնարկվում է թե´ սահմանադրական կարգը պահպանելու, և թե´ քաղաքական կամք  ցուցաբերենք, որպեսզի մեր երկրում յուրաքանչյուրը զբաղվի իր գործով և լավ զբաղվի իր գործով: Բայց այն, որ մենք առաջընթաց ունենք, փաստ է, այն, որ կան խնդիրներ նաև օլիգոպոլիաների հետ, սա էլ փաստ է: Եթե ես հիմա կանգնեմ ասեմ` չէ, ամեն ինչ լավ է, ինձ կասեն, թե` ախր, պարո´ն Շարմազանով, չի կարելի, էլի»:

Անդրադառնալով  Սերժ Սարգսյանի հայտնած մտքին, թե չի գնա այցելության Րաֆֆի Հովհաննիսյանին Ազատության հրապարակ` «Գնամ ինչի՞ մասին բանակցեմ աշխարհի վրա դառնացած և արդեն ութ օր սոված մարդու հետ», ԱԺ փոխնախագահն ասել է. «Խոսքը դրա մասին չէ, սոված ասելը դա վիրավորական չէ, ասել է հյուծված` նախագահը շատ հստակ իր միտքը շարադրել է: Երկխոսությունը շատ դեպքերում նաև մտքերի բախում է, դա շատ դեպքերում նաև խիստ քննադատություն է, այդ իմաստով, հյուծված մարդու հետ, չեմ կարծում, որ կարելի է ամբողջական երկխոսություն»: