Հաշմանդամ տեսնելիս մի պահ պատկերացրեք, թե դուք էլ հաշմանդամ եք. Մարկ Գրիգորյան

Կուզեի, որ ամեն մարդ հաշմանդամ տեսնելիս մի պահ իրեն պատկերացներ հաշմանդամ, ու այդպես նայեր այդ մարդուն. նշեց պրոդյուսեր Մարկ Գրիգորյանը «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման հյուրասրահում Ռուսաստանում ու Հայաստանում հասարակական ու մշակութային զարգացումների մասին զրուցելիս: Գրիգորյանը ավտովթարից հետո երկար ժամանակ գամված է եղել անկողնուն, բուժում ստացել արտերկրում, շարժվել միայն այլոց օգնությամբ, երազել լիարժեք ապաքինվելու մասին ու մտածել: Հիմա «90 տոկոսով ապաքինված» վերադարձել է Հայաստան՝ որոշումով, որ այսուհետ զբաղվելու է նաև հաշմանդամների իրավունքներով ու խնդիրներով: «Ես շատ հայացքներ եմ տեսել, երբ անվասայլակին էի, և ինչքան էլ տարօրինակ լինի, կուզեի, որ մի պահ ամեն մարդ պատկերացներ, որ մի վայրկյանում ինքն էլ կարող է դառնալ հաշմանդամ: Եվ եթե հաշմանդամ տեսնելիս մի պահ պատկերացնեք, թե դուք էլ հաշմանդամ եք, կփոխվի ձեր հայացքը»,- ասաց նա:

«Մոտ մեկ տարի այստեղ չեմ եղել, երբ եկա, տեսա, որ մեր բակում մեքենաներ չկան. առաջ լիքն էր լինում մեքենաներով, հիմա դատարկ էր. եթե չկան մեքենաներ, ուրեմն այդ մարդիկ էլ չկան, գնացել են»,- նշեց նա: Գրիգորյանը «մեծապես դրական» համարեց այն պայքարը, որով մարդիկ իրենց բողոքն են արտահայտում հրապարակում:

Նրա դիտարկմամբ՝ մեր պետությունը դեռ փոքր է, և դեռ նորմալ է, որ կայացման ճանապարհին է: «Մեր երկիրը դեռ նորածին է: Պիտի ճանապարհ անցնի: Իսկ ես գնացել եմ Ռուսաստան, քանի որ մեր երկիրը փոքր է, ես այլևս որևէ բանի չէի կարող հասնել այստեղ: Սերիալում խաղալ չէի ուզում: Հայկական սերիալն ուրիշ է: Ռուսաստանում չորս կաստինգ եմ անցել ու չեմ ընդունվել, ամաչելու բան չի, չեն վերցրել: Այնտեղ չափանիշներն ուրիշ են: Թվում է՝ նույն սերիալն է, բայց նույնը չի: Սցենարը տալիս են, ժամանակ ունես մտածելու, թե ոնց խաղաս, ժամանակ ունես պարապելու, փորձելու: Ստեղ, տեսել եմ, էլի, գիտեմ, սցենարը տալիս ու դավայ, ասում են՝ խաղա, ոնց կարաս՝ խաղա»,- նշեց նա:

Գրիգորյանն իր բուժումը ստացել է Ռուսաստանում, և իր դիտարկմամբ՝ այսօր չկա «ռուսների պայքարն ընդդեմ սևերի»: «Կովկասցիներին մոռացել են, արդեն ասիացիների դեմ են»,- ասաց նա: Նրա խոսքով՝ եթե նախկինում ռուսներն իր հետ շփումը սկսում էին ազգային պատկանելությունը ճշտելուց, ապա հիմա այդ միտումը նահանջել է, առաջնային է մարդկային որակը:

Խոսելով մշակութային զարգացումների մասին՝ նա նշեց. «Մշակույթն ազգերի առանձնահատկությունն է, այն, ինչով մեկը տարբերվում է մյուսից: Շոու-բիզնեսը չի կարելի համեմատել մշակույթի հետ: Այսօր զարգանում է հայաստանյան շոու-բիզնեսը, բայց ոչ այն տեմպերով, որ ես կուզեի: Բայց միևնույնն է, այն մշակույթ չէ, այն շուտ մոռացվող է: Լսում ես, թռվռում ու մոռանում: Նայում ես մի-երկու ժամ, ասենք, «Տերմինատոր»-ը, ու մոռանում: Նա հո Տարկովսկի չի, որ մտածես, թե ինչ էր ուզում ասել: Բայց մարդիկ դրան են ձգտում, շոու-բիզնես են ուզում: Դա նրանից է, որ մարդիկ ավելի ծույլ են դարձել, չեն ուզում մտածել»:

Մեկնաբանել