ՏՄՊՊՀ-ն կարող է զբաղվել Carrefour-ով համապատասխան հիմքերի առկայության դեպքում

Հայաստանում ԱՄՆ-ի առևտրի պալատի խորհրդի անդամ Գագիկ Արզումանյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին (ՏՄՊՊՀ) հորդորել է ուսումնասիրել ֆրանսիական Carrefour առևտրային հայտնի ցանցի՝ հայկական շուկա մուտք գործելու հետ կապված խնդիրները։ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն արձագանքել է, որ առանց ընկերության համապատասխան դիմումի՝ վարույթ չի կարող հարուցել, և կոչ արել ընկերության ներկայացուցիչներին գալ հանձնաժողով՝ խնդիրը մանրակրկիտ քննարկելու համար։

Մարտի 19-ին բիզնեսի ներկայացուցիչների և ՏՄՊՊՀ ղեկավարի հետ հանդիպմանը Հայաստանում ԱՄՆ-ի առևտրային պալատի խորհրդի անդամ, «Արմենիան քափըր փրոգրամի» գործադիր վարչության փոխնախագահ Գագիկ Արզումանյանն ասել է, թե լավ կլիներ, որ հանձնաժողովը որոշակի հետազոտություններ անցկացներ և ներկայացներ դրա արդյունքները հանրությանը, քանի որ խոսքը կարևոր օտարերկրյա ներդրողի մասին է։ «Եթե հավատանք զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներին, ապա այդ հարցում խոսքը մրցակցային խնդիրների մասին է։ Ուզում եմ հավատալ, որ դա այդպես չէ, որ պետությունը դրան չի մասնակցում։ Բայց այս դեպքում հստակ պարզաբանումներ տվող միակ մարմինը ձեր հանձնաժողովն է»,– նշել է Արզումանյանը։

Արձագանքելով դիտարկմանը՝ Արտակ Շաբոյանը հայտարարել է, թե ուսումնասիրություն կատարելու համար հանձնաժողովը պետք է ունենա Carrefour-ի ներկայացուցիչների դիմումը։ «Բավարար տեղեկատվության դեպքում մեր հանձնաժողովը պատրաստակամ է զբաղվել և բացահայտել առևտրային ցանցի մուտքի խոչընդոտները։ Մենք սպասում ենք ընկերության ներկայացուցիչների առաջարկներին»,– ասել է Շաբոյանը՝ հավելելով, թե հանձնաժողովը վարույթ կսկսի այն դեպքում, երբ ունենա խնդիրների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ։ Համապատասխան դիմում դեռ չի ստացվել, իսկ հանձնաժողովի տեղեկությունները սահմանափակվում են մամուլի հրապարակումներով։

Ըստ ՍիվիլՆեթի՝ Carrefour-ը Հայաստանում բախվել է լուրջ դիմադրության՝ ի դեմս պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի («Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր) և Արտակ Սարգսյանի (ՍԱՍ սուպերմարկետների սեփականատեր)։ Carrefour-ը, որը հայկական շուկա մուտք գործելու համար կատարել է $17 մլն-ի ծախսեր, մուտքի խոչընդոտների հետ կապված խնդիրները քննարկել է իշխանությունների հետ։ Չնայած Carrefour-ի մուտքը հայկական շուկա ողջունել են վարչապետ Տիգրան Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Հայաստանում ԱՄՆ-ի լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, ընկերության կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու հեռանկարը շարունակում է անորոշ մնալ։ 

Մեկնաբանել