Windows Phone 8-ի համար նախատեսված Skype-ի տեսազանգերը ստացել են HD որակ

Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է Windows Phone 8 օպերացիոն համակարգի համար նախատեսված Skype ինտերնետային հեռախոսակապի խոշորագույն ծառայության թարմացված տարբերակի թողարկման մասին, հաղորդում է NBC News-ը:

Skype-ի նոր տարբերակը ստացել է HD տեսազանգերի և օպերացիոն համակարգում գրաֆիկական պրոցեսների արագության ավելացման հնարավորություն: Նշված փոփոխությունները հատկապես նկատելի են Windows Phone 8 օպերացիոն համակարգով աշխատող Nokia Lumia 920, Samsung Ativ S և HTC 8X սմարթֆոններում:

Skype-ի ներկայացուցիչները նշում են, որ ծառայության նոր տարբերակը հնարավորություն ունի իրական ժամանակում կարգավորել տեսազանգերի որակը` պայմանավորված ինտերնետի միացման արագությամբ: Նշենք նաև, որ բջջային ծրագրում ավելացվել է նկարների դիմանկարային և ալբոմային ռեժիմը, ինչպես նաև բարձրացվել է աշխատանքի կայունության մակարդակը:

Microsoft-ը վերականգնել է ժամանակավորապես անջատված «կոնտակտներ» բաժնի ինտեգրումը, որն օգտատերերին հնարավորություն է տալիս զանգեր կատարել և ակնթարթային հաղորդագրություններ ուղարկել անմիջապես օպերացիոն համակարգի կոնտակտների ցանկից:

Մեկնաբանել