Եվրոպական բանկերը վաճառում ենVisa Europe-ը

Visa Europe վճարային համակարգից օգտվող եվրոպական բանկերը մտադիր են այն վաճառել ամերիկյան Visa  համակարգին և ստեղծել սեփական համակարգը: Հնարավոր է ՝ այս մասին որոշումն ընդունվի արդեն ապրիլին, հաղորդում է ամերիկյան Wall Street Journal-ը: 

Visa Europe-ը ամերիկյան Visa-ից անկախ գործող կառույց է և պատկանում է եվրոպական ավելի քան 3700 բանկերի, որոնք ըստ արտոնագրային համաձայնագրի պայմանների Visa քարտեր են թողարկում և վճարումների իրականցմանա համար օգտվում են համակարգի տեխնոլոգիաներից: Լոնդոնում տեղի է ունեցել Visa Europe համակարգի սեփականատեր բանկերի ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է համակարգի վաճառքի հարցը:

Ակնկալվում է, որ ապրիլին ԱՄՆ-ին կառաջարկվի $3 մլրդ-ով  գնել Visa Europe-ը: Եվրոպական բանկերը մտադիր են ստեղծել սեփական համակարգը, որը կմրցակցի ինչպես Visa-ի, այնպես էլ MasterCard-ի հետ: Փորձագետների կարծիքով՝ երկու կողմերի համար էլ գործարքը կարող է փոխշահավետ լինել: Այսպես՝ եվրոպացիները վճարային շուկայում զգալի ազատություն ձեռք կբերեն, իսկ ամերիկյան Visa-ն կկարողանա կենտրոնացնել իր եվրոպական գործարքների վերահսկումը և արագացնել էքսպանսիան եվրոպական զարգացող շուկաներում:
Ներկայում Visa Europe-ը Visa-ի փոքրամասնական բաժնետերն է, և ամերիկյան ընկերությունը եվրոպական գործարքներից որոշակի հատկացումներ է ստանում: Օպցիոնի պայմանների համաձայն՝ Visa-ն Visa Europe-ի գնման մասին որոշում պետք է ընդունի առաջարկն ստանալուց հետո  285 օրում: