Դեղին համարանիշերով տաքսու վարորդները պետք է մեկ տարի հարկ չվճարեն. «Աքիլես»

Դեղին համարանիշներով տաքսու վարորդները որպես փոխհատուցում պետք է մեկ տարի հարկ չվճարեն: Այսօր՝ մարտի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի առաջարկ արեց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

«Մեր առաջարկն է՝ ով դեղին համարանիշներով այսքան ժամանակ վարել է մեքենան, լիցենզավորման համար վճարել է 150 հազ. դրամ, մի տարի հարկ չմուծի որպես փոխհատուցում»,- ասաց Հովհաննիսյանը` հավելելով, որ ի սկզբանե կառավարության՝ դեղին համարանիշների մասին ընդունած որոշումը պետք է անվավեր ճանաչվեր:

«Մենք գտնում էինք, որ կառավարության այդ որոշումը ի սկզբանե պետք է ճանաչվեր անվավեր, քանի որ այն ընդունվել էր Սահմանադրության և լիցենզավորման մասին օրենքի խախտումներով»,- ասաց «Աքիլես» ՀԿ-ի նախագահը` հավելելով, որ դեղին համարանիշների լիցենզավորման գործընթացը մատչելի չէր, տևում էր մեկ ամիս, ինչը սահմանափակում էր քաղաքացու՝ ՀՀ տարածքից դուրս գալու իրավունքը:

Նա տեղեկացրեց, որ այս գործով իրենց հարուցած դատական գործը մինչև այժմ արդյունքի չի հասել, փոխարենը կառավարությունը վերադառնում է նրան, ինչն իրենք առաջարկել էին դեռ 2009թ.՝ վերացնել դեղին համարանիշները, իսկ տաքսիների վրա փակցնել կպչուն կտրոն: