Ֆրանսիայի բյուջեի հարցերով նախարարը հրաժարական է տվել

Ֆրանսիայի բյուջեի հարցերով նախարար Ժերոմ Կայուզակը հրաժարական է տվել հարկերի վճարումից խուսափելու մեղադրանքների պատճառով, հաղորդում է Euronews-ը։

Ժերոմ Կայուզակի հրաժարականին նախորդել էր Ֆրանսիայի դատախազության հայտարարությունը բյուջեի հարցերով նախարարի դեմ հետաքննություն սկսելու մասին։ Պարոն Կայուզակն իրավապահ մարմինների հետաքրքրությունն առաջացել էր այն բանից հետո, երբ անցյալ տարվա դեկտեմբերին լրագրողական հետաքննությունների ոլորտում մասնագիտացող Mediapart գործակալությունը հրապարակել էր քաղաքական գործչի հեռախոսազրույցը իր օգնականի հետ։

2000թ․ կայացած զրույցի ընթացքում Ժերոմ Կայուզակը, որն այդ ժամանակ եղել է Ազգային ժողովի պատգամավոր և միաժամանակ Վիլնև սյուր Լո քաղաքի քաղաքապետ, զրուցակցին խնդրում է փակել իր չհայտարարագրված հաշիվը շվեյցարական UBS բանկում։ Այդ որոշմանը նպաստել էր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ վարկաբեկվելու մտավախությունը։ Ինչպես պարզել են լրագրողները, 13 տարի առաջ հաշիվը, այդուհանդերձ, չի փակվել։ Դա տեղի է ունեցել միայն 2010թ․, երբ Ժերոմ Կայուզակի միջոցները UBS բանկից փոխանցվել են Սինգապուր։

Ֆրանսիայի դատախազության կարծիքով՝ պարոն Կայուզակը չարաբաստիկ հաշիվը, ըստ ամենայնի, օգտագործել է եկամուտները թաքցնելու և հարկերի վճարումից խուսափելու համար։ «Մենք ունենք համապատասխան ապացույցներ»,- վստահեցրել են դատախազության ներկայացուցիչները՝ պարզաբանելով հետաքննություն սկսելու իրենց որոշումը։

Հատկանշական է, որ այժմ արդեն նախկին նախարարը հայտնի է հարկերի վճարումից խուսափող քաղաքացիների նկատմամբ իր անհաշտ վերաբերմունքով։ Իր հասցեին ուղղված մեղադրանքները Ժերոմ Կայուզակը կտրականապես հերքում է, ձայնագրությունն անվանում է կեղծիք և սպառնում է դատի տալ Mediapart-ին։ Հրաժարականի որոշումը նա բացատրել է «կառավարության աշխատանքի վրա ստվեր չնետելու» ձգտմամբ։

Մեկնաբանել