Շրջայց Աջափնյակում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական աշխատանքային շրջայցի ընթացքում հետևել է քաղաքապետարանի 2013 թվականի ծրագրերով Աջափնյակ վարչական շրջանում իրականացվող աշխատանքների ընթացքին. տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:

Քաղաքապետին ներկայացնելով բակային տարածքներում  ընթացող բարեկարգման համալիր աշխատանքներն ու նախատեսվող ծրագրերը, վարչական շրջանի ղեկավարը զեկուցել է, որ դրանք ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն:

Շինարարների 15/1, 15/2 և Հալաբյան 51, 53 շենքերի բակերում տարածքներն արդեն նախապատրաստվում էին բարեկարգման: Ծրագրի համաձայն բակային այս տարածքները կդառնան հանգստի յուրօրինակ կենտրոններ՝ կահավորված նստարաններով, զրուցարաններով ու ժամանակակից խաղային ատրակցիոններով: Բակային այս տարածքներն ապահովված կլինեն նաև արտաքին լուսավորությամբ ու ոռոգման նոր համակարգով: Բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին բակերի բարեկարգման համար` ընդգծելով, որ անհամբերությամբ են սպասում աշխատանքների ավարտին ու բարեկարգ բակ ունենալուն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ մեկ անգամ ևս շեշետել է, որ քաղաքապետարանի ծրագրային բոլոր դրույթներն ուղղված են հարմարավետ ու գրավիչ մայրաքաղաք ունենալուն: Այս համատեքստում հանձնարարվել է ամենօրյա հսկողություն տակ պահել վարչական շրջանում ընթացող բարեկարգման և կանաչապատման աշխատանքների կատարման ընթացքը.  «Աջափնյակ վարչական շրջանում ևս բարեկարգման աշխատանքներն արդեն մեկնարկել են և ընթանում են լայն թափով: 2012թ-ի համեմատ այս վարչական շրջանում բարեկարգման մասով ծավալները կկրկնապատկվեն: Ծրագրի համաձայն մենք այստեղ բնակիչների տնօրինմանը կհանձնենք ոչ միայն  բարեկարգ բակային տարածքներ, այլև հանգստի հարմարավետ գոտիներ ու պուրակներ»,- նշել է քաղաքապետը:

Շրջայցի շրջանակում քաղաքապետը ծանոթացել է նաև Երևանի քաղաքապետարանի և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի համատեղ նախաձեռնությամբ Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի բազմաբնակարան շենքերի գազիֆիկացման ծրագրի ընթացքին: Պատասխանատուները զեկուցել են, որ ժամեր առաջ արդեն իսկ ապահովվել է թաղամասի 18-րդ շենքի գազամատակարարումը: Այցելելով շենքի բնակարաններից մեկը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը անձամբ է շնորհավորել տանտերերին բնակարանը բնական գազով ապահովելու կապակցությամբ: Ծրագրի ավարտից հետո ընդհանուր առմամբ շուրջ 3600 բնակարաններ կապահովվեն գազամատակարարմամբ. «Վերջին 20 տարիների ընթացքում 16-րդ թաղամասի 29 բազմաբնակարան շենքերի գազիֆիկացման հարցը բազմիցս է բարձրացվել մեր քաղաքացիների կողմից: Եվ այս տարի, կառվարության ֆինանսավորման շնորհիվ, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի հետ համատեղ աշխատանքների արդյունքում խնդիրը լուծում կստանա»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Շրջայցի շրջանակում քաղաքապետը ծանոթացել է նաև Սիսակյան 18 և 20 շենքերի նոր կոյուղագծերի անցկացման աշխատանքների ընթացքին: 

Երևանի զարգացման ծրագրերում որպես գերակայություն առանձնացնելով 4-րդ աստիճանի վթարային շենքերում ապրող բնակիչների խնդիրը,  քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ շինբարեկարգման տարեկան աշխատանքներում ներառվեց նաև 4-րդ աստիճանի վթարայնության շենքերում ապրող բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու սոցիալական կարևոր նշանակություն ունեցող ծրագիրը, որի մեկնարկն արդեն տրված է: Աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է Սիսակյան 22 և Մարգարյան 37 հասցեներում նոր բազմաբնակարան շենքերի կառուցման ընթացքին. «Երևանում մենք ունենք շուրջ տասը 4-րդ աստիճանի վթարային շենքեր: Խնդիրն այսօր գտնվում է ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում: Այս տարի երկու բազմաբնակարան շենք կհանձնենք շահագործման, Սիսակյան 22 հասցեում աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին, Մարգարյան 37 հասցեում կառուցվող այս շենքը ևս տարվա ընթացքում կավարտենք ու ընդհանուր առմամբ շուրջ 220 բնակարան կհանձնենք մեր բնակիչներին: Ծրագիրը լինելու է շարունակական և առաջիկա տարիներին նույնպես քաղաքապետարանի կողմից կկառուցվեն նոր շենքեր 4-րդ աստիճանի վթարային շենքերում ապրող բնակիչների խնդրին լիովին լուծում տալու համար»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: