Արդյո՞ք Արցախը ճանաչելն է դավաճանություն զինվորի նկատմամբ

Հայաստանյան հեռուստաընկերություններին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման խնդրին: Ինչպես հայտնի է, գործող նախագահը նախընտրական շրջանում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ԼՂՀ անկախությունը ճանաչելու խոստումը համարել էր արկածախնդրություն:

Մամլո ասուլիսի ժամանակ Սարգսյանը մի շարք հռետորական հարցեր է տալիս, թե ինչ կտա Ղարաբաղի ճանաչումը: Նախագահը, օրինակ, հարցնում է, թե արդոք ճանաչումը կավելացնի Ղարաբաղ եկող ներդրումների կամ վարկային միջոցների հոսքը: Սա լավ հարց է, որ Սերժ Սարգսյանը պետք է տա իրեն ամեն ելույթից առաջ: Մի քանի տարի առաջ սիրիական «Ալ Վաթան» թերթին տված հարցազրույցում ՀՀ նախագահը նշել էր հայկական կողմերի փոխզիջումը՝ վեց շրջանների հանձնումը Ադրբեջանին: Արդյո՞ք այս հայտարարությունն անելիս Սերժ Սարգսյանը մտածել է այդ շրջաններում բնակվողների մասին կամ այդ շրջաններ եկող հնարավոր ներդրումների մասին, թե՞ դիմել է արկածախնդրության, որից վստահաբար դավաճանության հոտ է փչում: Ի՞նչը կարող է առավել վնասել Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգությունը ՀՀ և ԼՂՀ տարածքներում՝ ՀՀ կողմից ԼՂՀ ճանաչո՞ւմը, թե՞ պարտվողական հայտարարություններ անելը, տարածքներ հանձնելու պատրաստակամություն հայտնելը: Սերժ Սարգսյանը Արցախի ճանաչումը հնարավոր է համարում միայն Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծման դեպքում, մնացած բոլոր պարագաներում նույնիսկ այդ մասին մտածելը դավաճանություն է համարում մեր զինվորների նկատմամբ, մեր քաղաքացիների նկատմամբ: Արդյո՞ք Արցախը ճանաչելն է դավաճանություն մեր զինվորի նկատմամբ, թե՞ այդ զինվորի պաշտպանած հողը հրապարակայնորեն վերադարձման ենթակա ճանաչելը՝ ճաշակի հարց է:

Ղարաբաղի մասով ՀՀ նախագահի պատասխանները պատերազմից վախեցած գործչի արտահայտություններ են, որն արդեն դեժավյու է առաջացնում: «Բա, հանկարծ, եթե պատերազմ սկսվի, մենք միայնակ ամբողջ աշխարհի դե՞մ ենք կռվելու»,– հարցնում է Սարգսյանը՝ վրդովվելով Մինսկի խմբի համանախագահների հասցեին հնչեցրած քննադատությունից: 1993թ. Քարվաճառի ազատագրումից հետո Արցախ եկած Լևոն Տեր-Պետրոսյանը, վախեցած ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1993թ. ապրիլի 30-ի թիվ 822 բանաձևի ընդունումից, պահանջում էր Ադրբեջանին հանձնել Քելբաջարի շրջանը: «Եթե մինչև այժմ մեր թշնամին միայն Ադրբեջանն էր, ապա հիմա ստիպված ենք լինելու պատերազմել ամբողջ աշխարհի դեմ»,– նշում էր ՀՀ նախագահը: Տեր-Պետրոսյանը գոնե ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևից էր վախեցել, իսկ Սերժ Սարգսյանը՝ ընդամենը համանախագահների հասցեին հնչեցրած քննադատությունից:

Միգուցե իրո՞ք դժվար է ՀՀ իշխանությունների համար ճանաչել Արցախի Հանրապետությունը, բայց խնդիր չէ, կարելի է այլ կերպ վարվել: Կարելի է, օրինակ, ռազմավարական պայմանագիր կնքել ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև, ինչն Արցախից առաջարկվել է բազմաթիվ անգամ տարբեր քաղաքական ուժերի և գործիչների կողմից: Պայմանագիր, որ թույլ կտա կարգավորել շատ հարցեր, վերացնել ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև եղած մաքսատները, հեշտացնել առևտուրը, խուսափել ավելորդ բյուրոկրատական քաշքշուկներից, պայմանագրային երաշխիքներ տալ Արցախի ժողովրդի և տարածքային ամբողջականության համար և այլն: Նամանավանդ որ հիմա՝ օրենսդրական լրացումից հետո, ՀՀ-ն կարող է նաև պայմանագրեր կնքել իր կողմից չճանաչված պետությունների հետ: Այս ամբողջ անգործունության պատճառը, ինչպես պարզվեց Սերժ Սարգսյանի ասուլիսից, ընդամենը… վախն է:

Մեկնաբանել